«Ստանդարտ ընդ փուր» միջազգային վարկանիշային գործակալությունն ընթացիկ տարում նվազեցրել է եվրոգոտու և Չինաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը. Միացյալ Նահանգների համար նախկին գնահատականը պահպանվել է: Այսպես, գործակալությունն ակնկալում է, որ 2022 թվականին եվրոգոտու տնտեսությունը կաճի 2,6%-ով՝ մայիսին կանխատեսված 2,7-ի փոխարեն: Կառույցը վատթարացրել է ՀՆԱ-ի աճի սպասումները Ֆրանսիայի և Իսպանիայի համար, մինչդեռ Գերմանիայի և Իտալիայի կանխատեսումները պահպանվել են։ Կանխատեսվում է, որ 2023 թվականին եվրագոտու ՀՆԱ-ն կաճի 1,9%-ով։
Չինաստանի տնտեսության համար 2022 թվականին ակնկալվում է 3,3% աճ՝ 0.9 տոկոս պակաս նախկին սպասումներից: Հաջորդ տարվա համար ընդհակառակը՝ կանխատեսումը բարելավվել է մինչև 5,5%։ Ասիական մյուս տնտեսական հսկայի՝ Ճապոնիայի ՀՆԱ-ի աճի ակնկալիքները նույնպես նվազել են՝ 2,3-ից մինչև 2%, մինչդեռ Հնդկաստանի համար սպասումները պահպանվել են 7,3% մակարդակում: Միաժամանակ, այս տարվա համար գործակալությունը պահպանել է ամերիկյան տնտեսության աճի մայիսյան կանխատեսումը՝ 2,4%, սակայն հաջորդ տարվա համար 2-ից նվազեցրել է մինչև 1,6 տոկոս։
Ըստ կառույցի՝ վերջին կես տարում մակրոտնտեսական միջավայրը աշխարհում զգալիորեն փոխվել է։ Օրինակ՝ ԱՄՆ-ի, եվրոգոտու երկրների տնտեսությունների պոտենցիալ աճի տեմպը պետք է երկու անգամ ավելի բարձր լիներ առկա մակարդակից, և ներկայումս ամենաշատ խնդիրները պայմանավորված են բարձր գնաճով։
Կառույցն ընդգծում է՝ իրավիճակը փոխվել է և ոչ՝ դեպի լավ կողմ։ Հիմնականը գնաճային սպասումների կտրուկ շրջադարձն էր։ Գործակալությունը հետահայաց արձանագրում է՝ կենտրոնական բանկերը չափազանց երկար են սպասել տոկոսադրույքները բարձրացնելու պահին:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան