Եվրոպական 5 երկրից այս տարվա հինգուկես ամսվա ընթացքում Հայաստանը ստացել է արտերկրում անօրինական բնակվող հայերի վերաբերյալ 280 հայց ավելի քան 350 անձանց մասին: Մեծ մասի քաղաքացիությունը հաստատվել է. նրանք ենթակա են հարկադիր վերադարձի:
Նելլի Դավթյան (Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու) - Ընթացիկ տարում, ինչպես նշեցի, 280 հայցից 176-ը Գերմանիայից են: Պայմանական ասած՝ եթե թոփ հինգ երկրները նշեմ, ապա պետք է նշեմ նաև Շվեդիան, Ֆրանսիան, Բելգիան և Նիդերլանդները:
Հարկադիր վերադարձի ենթարկված կամ, այսպես ասած, դեպորտ արված Հայաստանի քաղաքացիներին հայրենիքում վերաինտեգրելու համար միգրացիոն ծառայությունը արդեն երեք տարի իրականացնում է հրատապ աջակցության ծրագիր՝ տան վարձի սուբսիդավորման և խորհրդատվության տեսքով:
Նելլի Դավթյան - Եթե ընտանիքում կա հաշմանդամություն ունեցող անձ կամ 4 և ավել երեխա, նաև բնակվարձի սուբսիդիա ենք տալիս՝ 60.000 դրամի չափով՝ 6 ամիս շարունակ:
Ոչ միայն հարկադիր կամ կամավոր հայրենիք վերադարձողների, այլև արտագնա աշխատանքի մեկնող միգրանտների համար էլ վերաինտեգրման հնարավորություն կա: Միգրացիոն ծառայությունը Եվրամիության աջակցությամբ հեղինակել է մի ծրագիր, որի նպատակն է աջակցել միգրանտներին, նրանց ընտանիքներին հայրենիքում գործ-բիզնես սկսելու կամ եղածը մեծացնելու նպատակով: Պարտադիր պայման է, որ շահառուն կամ նրա ընտանիքի անդամը՝ անգամ պապը, տատը կամ թոռը, վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանից առնվազն 1 տարի բացակայած լինեն: Ծրագիրն իրականացնում է միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը:
Կարել Հոֆստրա (Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի Հայաստանի գրասենյակի ղեկավար) - Մենք կենտրոնանում ենք Հայաստանի մարզերում, չենք աշխատում Երևանում, բոլոր 10 մարզից հայտ ունենք՝ Շիրակից մինչև Սյունիք:
Գյուղատնտեսություն լինի, թե գյուղի հյուրատուն-արտադրություն, դրամաշնորհի չափը 2000-ից 10 000 եվրո է, ֆինանսավորում են 1+1 եղանակով, այսինքն՝ տրամադրվում է այնքան գումար, որքան ներդրում կանի շահառուն, բայց կանխիկ գումար դիմողին չեն տալիս, անհրաժեշտ ապրանքները գնում են ծրագրի աշխատակիցները:
Կարել Հոֆստրա - Մենք նոր ենք բացել երկրորդ փուլը, էլի բազմազան հայտեր ենք ստացել՝ 100-ից ավել, պլանավորում ենք մոտ 30 դրամաշնորհ-օգնություն տանք: Պիտի մասնակցեն նաև դասընթացներին, որ կարողանան բիզնես անել:
Արարատի մարզի Փոքր Վեդիի բնակիչն արդեն մեծ ծրագրի շահառուներից է: Ընտանիքի անդամները արտերկրում են, վաղուց մտածում են հայրենիքում բիզնես սկսելու մասին:
Արուս Աթանեսյան («ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի շահառու) - Ես միգրանտ չեմ, Հայաստանի քաղաքացի եմ, իրենք են էնտեղի քաղաքացի: Ես ներկայացրել էի ծաղկի ջերմատան վերաբերյալ մոտավոր 5 միլիոնի սահմանում, որից 7.5 միլիոնը ես եմ դնելու, այսինքն՝ ես դրամաշնորհից ստանում եմ 4 մլն: Գույքը ես գնել եմ, իրենք բերելու են էն մնացածը:
Ծրագրի առաջին ծիլերը հուլիսին Արուսի ջերմոցում կլինեն: Հաջորդ փուլի մեկնարկը նոյեմբերին է: 3 տարվա ընթացքում 5 փուլով Եվրամիության միջոցներով կֆինանսավորվի Հայաստանի մարզերից 150-160 ծրագիր: