Հունիսի 27-ին և 28-ին Վրաստանի Կաճրեթ քաղաքում հանդիպեց հայ և ադրբեջանցի 11 անկախ փորձագետներից կազմված խումբը, որը ձևավորվել է պատերազմից հետո՝ Եվրամիության կողմից աջակցություն ստացող LINKS Europe կազմակերպության նախաձեռնությամբ:
Ջոնի Մելիքյան (փորձագիտական խմբի անդամ, քաղաքագետ) - 21-ին արդեն մի քանի հանդիպում եղավ, զեկույց, որը Բրյուսելում ներկայացվեց: Առանձնացվել են որոշ քայլեր, որոնց նպատակն է փոխվստահության մթնոլորտ ստեղծել:
Դեռ այնքան էլ այդ մթնոլորտը ձևավորել չի հաջողվում՝ նշում են փորձագիտական խմբի անդամները. ադրբեջանցի փորձագետները կրկնում են իշխանության թեզերը:
Ջոնի Մելիքյան - Նույնիսկ այս հանդիպմանը խոսում էին՝ չկա լեռնային Ղարաբաղ, կոնֆլիկտը լուծված է, ուզում են ապրեն, թող անձնագրեր ստանան, մենք էլ մեր հերթին նշում էինք, որ կոնֆլիկտը կա, ու դրա ապացույցն այն է, որ մենք հիմա հանդիպում ենք:
Հիմնական նպատակն այն է, որ փորձագետները քննարկեն ու իրականացնեն բացառապես էսկալացիայի ռիսկերը նվազեցնող գաղափարներ: Բայց բոլոր այդ մոտեցումները հանդիպում են հակառակ կողմի դիմադրությանը:
Տարոն Հովհաննիսյան (փորձագիտական խմբի անդամ, Ադրբեջանի հարցերի փորձագետ) - Երբ որ առաջարկում ենք՝ եկեք մամուլի մոնիտորինգ անցկացնենք, ատելության խոսքի մոնիտորինգ, սահմանային խախտումների, ընդդիմանում են: Դա ցույց է տալիս, որ իրենք հասկանում են, որ այդ մոնիտորինգը ցույց է տալիս, որ խախտողն իրենք են:
Մոնիտորինգի անցկացմանը կողմ են նաև Եվրամիության ներկայացուցիչները: Միջազգային կառույցներին ադրբեջանական դիրքորոշումը ցույց տալու համար ևս պետք է այսպիսի հանդիպումներին գնալ՝ շեշտում է Տարոն Հովհաննիսյանը
Տարոն Հովհաննիսյան - Սխալ կլինի հրաժարվել նմանատիպ առաջարկներից, երբ որ Եվրամիությունն ու Ռուսաստանը միջնորդներ են հանդիսանում, իսկ հրաժարվելը կնշանակի՝ թաքցնելու բան ունենք, առավել ևս՝ մյուս կողմն ասում է՝ իբր, մենք չենք ուզում խաղաղություն:
Արդյոք այս հանդիպումը ինչ-որ ազդեցություն կթողնի՞ Ադրբեջանում հանրային ընկալումների վրա հարցին ի պատասխան՝ փորձագետներն անկեղծանում են. այնքան էլ վստահ չեն: Եթե անգամ ադրբեջանցի փորձագետները կառուցողական տրամադրված լինեին, իրենց երկրում շատ գործառույթներ իրականացնել չեն կարողանա:
Ջոնի Մելիքյան - Շուրջ 30 առաջարկություն է եղել, բայց հստակ պայմանավորվածություններ դեռ չկան: Դպրոցներ կազմակերպելուց, հանրային հարթակներ կազմելուց, որտեղ օնայն ռեժիմով կկարողանան փորձագետներ հանդիպել: Գուցե մոտ ապագայում դա լինի:
Այսպիսի հանդիպումներն էլ գուցե լինեն շարունակական: Եվրամիությունը այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ է իրականացնում: Փորձագետները շեշտում են՝ քանի դեռ Ադրբեջանում պահվող թեկուզ մեկ ռազմագերի կա, ցանկացած ձևաչափով հանդիպումները լինելու են կիսատ, թերի: