Արցախի Քռասնի գյուղ տանող ճանապարհն է: Սպիտակ ավտոբուսը սպասարկում է Քռասնի-Ստեփանակերտ և հակառակ ուղղությամբ երթուղին: Բարձր դասի ավտոբուսը մեկն է այն 10-ից, որոնք «Հայաստան» համահայկական հիմնադրամը նվիրել է Արցախին:
Սեյրան Խաչատրյան (վարորդ) - Հարմարավետությունը նորմալ է, հարմար է, իսկ ահա երթևեկությունը՝ նայած որ ժամին, թե ինչ գծի տակ է, որ ժամի գծի տակ է:
Համահայկականն ավտոբուսները ձեռք է բերել հունահայ համայնքի ֆինանսավորմամբ՝ ասում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:
Հայկ Խանումյան (Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Պատերազմի ժամանակ քաղպաշտպանության միջոցառումները տրանսպորտի ծառայության միջոցառումներն իրականացնելիս առանց այդ էլ մեծ մաշվածություն ունեցող տրանսպորտային ցանցը դուրս էր եկել շարքից: Եվ օրախնդիր էր նոր, թարմ ավտոբուսներ ունենալը:
Ստեփանակերտում բնակչության կենտրոնացում չունենալու համար գործող Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի երթուղուն ավելացել են նորերը՝ նշում է Խանումյանը:
Հայկ Խանումյան - Վարձով բնակարան գտնելը բավականին դժվարացել էր Ստեփանակերտում: Եվ որպեսզի մարդիկ աշխատանքային մոբիլության հետ կապված, ուսանելու և այլ խնդիրների հետ կապված շատ խնդիրներ չունենան, նպատակահարմար գտանք ավելի ինտենսիվ տրանսպորտային կապը: Այդ նպատակին էր ուղղված նաև Ստեփանակերտին մոտ գտնվող որոշ բնակավայրերի, որոնք մինչև այդ զուրկ էին տրանսպորտից, կամ դադարներով էր տրանսպորտ եղել, նոր ավտոբուսներ հատկացնել՝ ինչպիսիք են Դաշուշենը, Քռասնին, Դահրավը:
Դահրավ-Ստեփանակերտ երթուղային գիծը վերջին տարիներին չէր աշխատում: Խորհրդային տարիներից ժառանգած ավտոբուսով գործը շահավետ չէր՝ ասում է գյուղի 40 տարվա վարորդը: Հիմա երթուղային գիծն աշխատում է նոր ավտոբուսով:
Վիտյա Գասպարյան (վարորդ) - Երկուշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերը՝ օրական մեկ անգամ:
Քաղաքացիները գոհ են հատկապես երեկոյան ժամերի ուղևորափոխադրումներից՝ ասում է Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանի ավագ երթակարգավարը՝ առանձնացնելով Ստեփանակերտ-Կարմիր շուկա-Ճարտար-Մարտունի նոր գիծը:
Իգոր Պետրոսյան (Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանի ավագ երթակարգավար) - Երեկոյան ժամերի մեքենաներն իրենց համար հարմար են: Հիմա, երբ տեղ-տեղ մարդիկ դժգոհում են, որ աշխատանք չկա, այդ մարդիկ գալիս են աշխատանքի և երեկոյան ժամը 6-ին տեղափոխվում են:
Արցախի կառավարությունը փորձել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվերը բաշխել հավասարապես՝ 3-ական ավտոբուս հատկացնելով Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններին և մեկը միայն օգտագործել Ստեփանակերտում: