Գործարկվել է անձնագրային և վիզաների վարչության պաշտոնական կայքը: Վարչության պետ Արա Մկրտչյանի պնդմամբ՝ կայքը հեշտացնելու է քաղաքացիների կյանքը՝ նպաստելով սպասարկման որակի բարելավմանն ու երաշխավորելով քաղաքացի-վարչություն կապը: Կայքի միջոցով հանրությունը հրատապ կտեղեկանա օրենսդրական փոփոխությունների, յուրաքանչյուր նոր իրավակարգավորման մասին:
Արա Մկրտչյան (ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ) - Բոլոր տեսակի գործառույթների վերաբերյալ ձևաթղթերը առկա են մեր կայքում, տեղադրված են, որը քաղաքացիները կարող են ներբեռնել, պատրաստվել, այսինքն` իրենց դիմումը կազմել և նոր ներկայանալ անձնագրային և վիզաների վարչություն, ինչը նույնպես ժամանակի խնայում է և, բնականաբար, ավելի արագ սպասարկմանն ուղղված քայլ է:
Չնայած կայքն արդեն գործում է՝ Անձնագրային և վիզաների վարչությունում, նաև՝ Երևանի ու մարզերի անձնագրային բաժիններում հերթեր առկա են, ինչն առաջացնում է քաղաքացիների դժգոհությունը:
Մկրտչյանը նշում է, որ հերթերը հիմնականում սեզոնային բնույթի են: Դրանք ավելանում են ամռանը: Մարդկանց հոսքը թեթևացնելու համար Երևանի և մարզկենտրոնների ստորաբաժանումներում տեղադրել են հերթերը կանոնակարգող տերմինալներ, որոնց միջոցով քաղաքացիները կարող են իրականացնել հերթագրում և արագ սպասարկվել:
Արա Մկրտչյան - Իրավիճակով պայմանավորված՝ մենք տեսնում ենք, որ հերթերը կանոնակարգող տերմինալների ներդրումը չի բերել այն արդյունքին, որը մենք կցանկանայինք, և ասեմ, որ մտածում ենք նաև լրացուցիչ միջոցառումների մասին, որով կփորձենք թեթևացնել հերթերը:
Անձնագրային և վիզաների վարչությունից վստահեցնում են, թե քաղաքացիների յուրաքանչյուր բողոքի դեպքում անհատական մոտեցում է լինում և հարցին փորձում են հնարավորին արագ լուծում տալ:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան