ՌԴ-Ն ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԸ ԿԱՐԱԳԱՑՆԵՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի և Բելառուսի տարածաշրջանների IX համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ աննախադեպ քաղաքական ճնշումը, Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանին և Բելառուսին մղում են արագացնել ինտեգրման գործընթացը:
«Միասին ավելի հեշտ է նվազագույնի հասցնել անօրինական պատժամիջոցների վնասը, ավելի հեշտ է յուրացնել պահանջարկ ունեցող ապրանքների արտադրությունը, նոր իրավասություններ մշակել և ընդլայնել համագործակցությունը բարեկամ երկրների հետ»,- ընդգծել է Պուտինը։ Կրեմլի առաջնորդը նաև հայտնել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը մտադիր են զարգացնել համագործակցությունը ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ պարարտանյութերի ու պարենի համաշխարհային շուկաներ մատակարարելու հարցում։
ՇՎԵԴԻԱՆ ՉԻ ԱՐՏԱՀԱՆՁՆՈՒՄ ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ. ՅՈՀԱՆՍՈՆ
Պաշտոնական Ստոկհոլմը հայտարարել է, որ ենթադրյալ քուրդ զինյալների ու հեղաշրջման կազմակերպման կասկածյալներին Թուրքիա արտահանձնելու վերաբերյալ ցանկացած որոշում «կկայացվի անկախ դատարանների» կողմից:
«Շվեդիան չի արտահանձնում իր քաղաքացիներին, իսկ ոչ շվեդ քաղաքացիները կարող են արտահանձնվել այլ երկրների խնդրանքով, բայց միայն այն դեպքում, եթե դա համատեղելի է Շվեդիայի օրենսդրության և Եվրոպական կոնվենցիայի հետ»,- հայտարարել է արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնը:
Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոն նույնպես հայտարարել է, որ երկիրը չի պատրաստվում արտահանձնել իր քաղաքացիներին։ «Հելսինկին չի կարող իր քաղաքացիներին այլ երկրների արտահանձնել, որտեղ նրանց սպառնում է մահապատիժ կամ խոշտանգումներ»,- ասել է Հաավիստոն։
Չորեքշաբթի Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիան խոստացել է արտահանձնել 73 անձի, որոնք Թուրքիայում մեղադրվում են ահաբեկչության համար, ինչի դիմաց Անկարան համաձայնել է աջակցել ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցությանը:
Էրդողանը Շվեդիայից և Ֆինլանդիայից պահանջել է նաև չեղարկել Անկարայի նկատմամբ զենքի էմբարգոն, որը սահմանվել էր ի պատասխան 2019 թվականին Սիրիա Թուրքիայի ռազմական ներխուժմանը: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում երեք կողմերը ստորագրել են 10 կետից բաղկացած հուշագիր, որն ուղղված էր փարատելու Անկարայի մի շարք մտահոգություններ:
ՈՒՂԻՆ «ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ» ԼԻՆԵԼՈՒ Է ԵՐԿԱՐԱՏԵՎ. ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Եվրահանձնաժողովի նախագահը տեսակապի միջոցով ելույթ է ունեցել Ուկրաինայի խորհրդարանում: Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը հավանական է, և կոչ է արելի Կիևին առաջ տանել հակակոռուպցիոն բարեփոխումները: Նրա խոսքով՝ Ուկրաինայի անդամակցումը Եվրամիությանն անհնար էր պատկերացնել հինգ ամիս առաջ, բայց ուղին «դեպի Եվրոպա» լինելու է երկարատև՝ զգուշացրել է Լայենը: Նա կարևորել է օլիգարխների վերահսկողությունն Ուկրաինայի «տնտեսական և քաղաքական կյանքի նկատմամբ:
ՅԱԻՐ ԼԱՊԻԴԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ
Յաիր Լապիդը պաշտոնապես ստանձնել է Իսրայելի վարչապետի պաշտոնը։ Մինչ այդ նա երկրի արտաքին գործերի նախարարն էր։ Լապիդը ստանձնել է վարչապետի պարտավորությունները, քանի որ Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը հրաժարվել է մասնակցել Կնեսետի առաջիկա ընտրություններին։ Բենեթը կպահպանի փոխվարչապետի պաշտոնը: Լապիդը կղեկավարի կառավարությունը մինչև նոյեմբեր՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում նախարարների նոր կաբինետի ձևավորումը: