412 միլիոն 116 հազար դոլար. մայիսին արտերկրից ֆիզիկական անձանց կողմից Հայաստան փոխանցումների ծավալն է: Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներով` այս թիվը աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ: Տնտեսագետ Կարեն Սարգսյանի համոզմամբ` մեր երկիր տրանսֆերտների վերջին ամիսների աճը մի քանի գործոնով է պայմանավորված: Առաջինը աշխարհաքաղաքական է. տրանսֆերտների մեծ մասը Ռուսաստանից է:
Կարեն Սարգսյան (տնտեսագետ) - Ռուսաստանի տնտեսության մեջ բավական մեծ անհավասարակշռություն կա արտահանման և ներմուծման միջև, բավական մեծ արտարժույթի ծավալներ են կուտակվել, և Ռուսաստանի կիրառած հակադարձ քայլերը չեն ազդում փոխարժեքի վրա: Դրանով պայմանավորված` ՌԴ-ի քաղաքացիները, ընկերությունները փորձում են ազատվել ԱՄՆ դոլարից, և այդ հոսքը գալիս է նաև ՀՀ:
Մայիսին ապրիլի համեմատ ֆինանսական ներհոսքը Հայաստան աճել է մոտ 38 տոկոսով: Ի դեպ, իր հերթին, ապրիլի ցուցանիշն էլ ավելի է եղել նախորդ ամսվանից: Եթե ապրիլին Հայաստան է փոխանցվել 299,463 միլիոն դոլար, ապա մարտին՝ 252,681 մլն: Հայաստան փոխանցումների ծավալով երկրորդ հորիզոնականում Միացյալ Նահանգներն է՝ 13-14 տոկոս, եվրոպական, նաև ԱՊՀ երկրներից ևս աշխուժություն կա, բայց փոքր ծավալով: Առաջատարը Ռուսաստանն է՝ այստեղից է ներհոսքի մոտ 65 տոկոսը:
Տնտեսագետները այս աշխուժացումը բացատրում են նաև Դաշնությունում կիրառված` ֆիզիկական անձանց կողմից արտարժույթով փոխանցումների սահմանափակումների վերացմամբ:
Կարեն Սարգսյան - Սահմանափակումները, որ կիրառում էր Ռուսաստանը, ֆիզիկական անձանց կողմից արտարժույթով փոխանցումների դեպքում վերացրել է, և 50.000 սահմանաչափը հունիսին սահմանել է 150.000 դոլար:
Տրասնֆերտների ներհոսքին զուգահեռ` աճել է նաև Հայաստանից արտահոսքը: Սակայն այս դեպքում ակտիվությունը շատ ավելի քիչ է: Հայաստանից մայիսին դուրս է եկել 146,167 դոլար՝ ապրիլի համեմատ մոտ 6 մլն դոլարով ավելի:
Հայկ Բեջանյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի վերլուծաբան) - Սա, իր հերթին, պայմանավորված է առևտրաշրջանառության ակտիվացմամբ և միջազգային շուկայում տիրող գնաճով: Քանի որ գների մակարդակը փոխվել է, հետևաբար փոխվել է նաև տնօրինվող եկամուտների ծավալը, և դա էլ, իր հերթին, ապահովում է ֆինանսական հոսքերի ավել հավելաճ, որն արտացոլվում է մեր ֆինանսական հոսքերի մեջ:
Տնտեսագետի խոսքով` պատկերը ավելի հստակ կլինի, երբ ԿԲ-ն հրապարակի մեր տրանսֆերտների կառուցվածքը` ըստ վճարային հաշվեկշռի, այսինքն` որ մասն է արտագնա աշխատանքից գեներացված միջոց, որը` տուրիստական ու ֆիզիկական անձանց փոխանցումներ: Ընդհանուր, այս տարվա հունվար-մայիսին արտերկրից Հայաստան է եկել 1 միլիարդ 272 միլիոն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 748.363 միլիոնի փոխարեն:
Տնտեսագետների կանխատեսմամբ` հունիս-հուլիսին՝ մայիսի համեմատ տրանսֆերտները շատ ավելի կլինեն: