Սևանում ջրի թափանցելիությունն այս օրերին 5 տարի առաջվա 9-10-ից նվազած է մինչև իսկ 2 մետրի։ Այն, որ լիճն այս ամառ դեռ չի ծաղկել, չի նշանակում՝ էկոլոգիական վիճակը լավացել է։ Աղտոտումը, ջրիմուռները, մասնագիտական լեզվով ասած՝ էվտրոֆացումը, շարունակվում է․ պարզապես ջուրն առայժմ սառն է ցիանոբակտերիաների զանգվածային ակտիվացման համար՝ բացատրում է փորձագետը։
Գոռ Գևորգյան (ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոլոգիայի գիտական կենտրոնի ներկայացուցիչ) - Մի քանի օր առաջ եղել ենք լճի վրա, նորից կա, հատկապես՝ Մեծ Սևանում թույլ ծաղկում: Ինչո՞ւ է թույլ դեռևս, որովհետև ջերմաստիճանը եթե համեմատում ենք նախորդ տարվա հետ՝ մեկ ամիս կլիմայով ոնց որ հետ լինենք:
Հարավային Կովկասի ամենամեծ քաղցրահամ լիճը վտանգված է:
Ինչպե՞ս լուծել Սևանի բնապահպանական խնդիրը․ մտահոգիչ այս թեմայով է լճի էկոհամակարգի պահպանման և կայուն զարգացման հարցերով ջանքեր միավորող միջազգային համաժողովը։ Այն կազմակերպվել է Եվրամիության և Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող EU4Sevan ծրագրով։
Քրիսթիան Հենշել (EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար) - Եկեք փրկենք Հայաստանի կապույտ մարգարիտը, դա է մեր ծրագրի խնդիրը, և մենք այստեղ ենք համատեղ ջանքեր ներդնելու:
Միջոցառմանը մասնակցող շրջակա միջավայրի նախարարն արձանագրեց՝ աշխարհը պայքար է սկսել ջրի համար, քանի որ բնական ռեսուրսներից նույնիսկ թանկարժեք նավթը փոխարինելի է, ջուրը՝ ոչ։ Սևանն իր քաղցրահամ խմելու ջրով Հայաստանի գերակա ռազմավարական նշանակություն ունեցող բնական պաշարն է, և Կառավարությունն ամեն տարի ծրագիր է հաստատում լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, օգտագործման և բնականոն զարգացման համար։
Հակոբ Սիմիդյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարար) - Ներկայումս մեր համար առաջնային են Սևանի մակարդակի բարձրացման ու նրա ջրահավաք ավազանի ջրային բնական պաշարների պահպանման ու կայուն կառավարման հարցերը:
Հայաստանյան և արտասահմանցի բնապահպանները համաժողովի երկու օրերին փորձելու են Սևանի էկոհամակարգի բարելավման տարբեր լուծումներ մշակել։ Երկու տարի առաջ մեկնարկած EU4Sevan ծրագրով՝ այս ընթացքում հատուկ տեխնիկա ու մոնիթորինգային սարքավորումներ են ձեռք բերվել, մաքրվել են լիճ թափվող գետերի հուները, Սևանի ավազանի գյուղերում քիմիական պարարտանյութերից բնականի անցնելը խրախուսող նախագծեր են իրականացվել։ Եվրոպական պետությունները հիմա առաջնորդվում են կանաչ տնտեսության սկզբունքով ու դա էլ քարոզում են, միայն թե Սևանի աշխարհաքաղաքական դիրքը, սահմանին մոտ լինելը որոշակիորեն բարդացնում են գործը՝ նկատում է մեր երկրում Եվրամիության պատվիրակության համագործակցության պատասխանատուն։
Ֆրանկ Հեսս (ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար) - Ծրագրի որոշ գործունեություն հեշտ չէ իրականացնել՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների հետ։ ԵՄ-ում մենք անում ենք հնարավորը՝ վստահ լինելու համար, որ երկու երկրների միջև հարաբերությունները կկարգավորվեն:
Սևանը, որ տարածաշրջանի մասշտաբով քաղցրահամ ջրի ամենամեծ ավազանն է, պաշարների որակի վատացման ու քանակի կրճատման կարող է բախվել ոչ միայն մարդկանց կողմից աղտոտման, այլև՝ կլիմայի գլոբալ տաքացման պատճառով։ Ըստ մասնագիտական հաշվարկների՝ միայն գոլորշիացման հետևանքով 2100 թվականին լճից կպակասի 392 մլն խորանարդ մետր ջուր, 265-ն էլ չի լցվի՝ գետերի ցամաքելու հետ կապված։
Հովհաննես Ղազարյան (ՄԱԶԾ կլիմայի, շրջակա միջավայրի, դիմակայունության ծրագրի թիմի ղեկավար) - Ըստ վատատեսական սցենարի՝ դեպի Սևանա լիճ գետային ներհոսքը կնվազի մինչև 40 թվականը 12 տոկոսով, 70 թվականը՝ 14 տոկոսով:
Սևանի էկոլոգիական վիճակի բարելավման խնդիրը բարդ է նաև այն պատճառով, որ ջուրը լիճ է լցվում 28 գետով ու Արփա-Սևան թունելով, դուրս է գալիս միայն մեկ ճանապարհով։ Ինքնամաքրվելու, ջրի փոխվելու համար առնվազն 25 տարի է անհրաժեշտ․ այդ ժամանակը չկա․ ծրագրերը հրատապ են պետք, քանի որ բնապահպանական քայլերը ինչքան ձգձգվեն, պահանջվող ջանքերն ու ծախսերն ավելանալու են։