Կառավարության վերջին նիստում հաստատված միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվում է, որ ուսուցիչների որոշակի խմբեր հավելյալ վարձատրություն կստանան երեք նոր ծրագրով: Առաջինը վերաբերում է բնագիտամաթեմատիկական և տեխնոլոգիական առարկաներ դասավանդողներին, որ լուծվի դպրոցում այդ մասնագետների պակասի տարեցտարի խորացող խնդիրը:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Բնագիտական առարկաների ժամաքանակը այդքան շատ չէ դպրոցներում, և, հետևաբար, այս ընդհանուր բարձրացումները, որ տեղի են ունենում կամավոր ատեստավորման, տարակարգերի միջոցով, էական ազդեցություն չեն թողնում այս խմբի ուսուցիչների աշխատավարձերի վրա, հետևաբար լրացուցիչ խթանների կարիք կա, որպեսզի մենք այս ուղղությամբ ուսուցիչների ներհոսք ունենանք:
Նախնական պատկերացմամբ՝ հավելավճարը կարող է կազմել ամսական 30 հազար դրամ:
Երկրորդ ծրագրով հավելավճար է նախատեսվում գյուղական մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչների համար: Այստեղ նույնպես աշխատանքը գրավիչ դարձնելու անհրաժեշտություն կա:
Ժաննա Անդրեասյան - Երբ երեխաների թիվը դպրոցում փոքր է, ընդհանուր ժամաքանակը քիչ է: Հետևաբար այս ուսուցիչների համար էլ ընդհանուր դրույքաչափերի փոփոխությունը էական ազդեցություն չի թողնում, որովհետև իրենք մեկ դրույք զբաղվածություն չեն էլ կարող օբյեկտիվորեն ունենալ:
Այս դեպքում ևս նախատեսվող հավելավճարը 30 հազար դրամ է: Իսկ եթե ուսուցիչը դասավանդում է բնագիտամաթեմատիկական կամ տեխնոլոգիական առարկաներ և աշխատում է գյուղական փոքր դպրոցում, հավելյալ վարձատրություն կստանա երկու ծրագրով էլ:
Երրորդ ծրագիրը կսկսվի Սյունիքի մարզից և, չափորոշիչների ներդրմանը զուգընթաց, միասնական կանոն կդառնա հանրապետության բոլոր դպրոցների համար: Այն վերաբերում է բազմահամակազմ դասարաններին: Այսօր հանրակրթական հաստատություններից ավելի քան 300-ում այդպիսի դասարաններ կան, երբ աշակերտների փոքր թվի պատճառով միավորված են տարբեր դասարաններ: Բայց չնայած ուսուցիչը նույն դասի ընթացքում աշխատում է տարբեր տարիքի ու դասարանի երեխաների հետ, տվյալ դասաժամը համարվում է մեկը՝ համապատասխան վարձատրությամբ: Ոլորտի պատասխանատուները վստահ են՝ բազմահամակազմ դասարաններում ուսուցման որակ ապահովել հնարավոր չէ: Ու սկզբունքը փոխվում է: Նախ՝ դասարանները պետք է միավորվեն միայն որոշ առարկաների դեպքում, իսկ միավորվելու դեպքում էլ ուսուցիչը լրացուցիչ կվարձատրվի:
Ժաննա Անդրեասյան - Կարող են միավորվել միայն արվեստ և արհեստ բնագավառի առարկաների դեպքում, և ֆիզիկական կենսագործունեություն, անվտանգություն բնագավառի առարկաների դեպքում, որտեղ մասնագիտական տեսանկյունից այդ խմբավորումը կրթության որակի վրա կարող է նույնիսկ դրական ազդել:
Եթե միավորված է երկու դասարան, մեկ ժամի համար ուսուցիչը կստանա 1.5 ժամի վարձատրություն, եթե երեք դասարան՝ 1.75 ժամի:
Ե՛րբ կվճարվի ուսուցիչների հավելյալ աշխատավարձը՝ հունվարի՞ց, թե՞ նոր ուսումնական տարվանից, կքննարկվի առաջիկայում:
Հեղինակ՝ Աննա Զախարյան