ԵՎՍ 500000 ՖՈՒՆՏ ՍՏԵՌԼԻՆԳ՝ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ
Մեծ Բրիտանիան ևս 500000 ֆունտ ստեռլինգ կհատկացնի Հայաստանում և Ադրբեջանում ականազերծման համար՝ հայտնում են Միացյալ Թագավորության կառավարության մամուլի ծառայությունից։
Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլեվերլիի խոսքով՝ դա ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին հնարավորություն կտա փորձագիտական խորհրդատվություն տրամադրել կողմերին, օգնել արդյունավետ ականազերծում իրականացնել և նվազեցնել քաղաքացիական բնակչության կյանքին սպառնալիքները ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում:
Նա Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ստորագրել ՄԱԿ-ի կոնվենցիաները, որոնք ուղղված են ցամաքային ականների և կասետային զինամթերքի կիրառման արգելքին:
ԱՄՆ-Ն ԹՈՒՐՔԻԱՅԻՆ F-16 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ ԿՎԱՃԱՌԻ. ԲԱՅԴԵՆ
Վաշինգտոնը Թուրքիային F-16 կործանիչներ կվաճառի՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հայտարարել է Ջո Բայդենը, հավելել՝ այդ գործարքը նախ պետք է հաստատի Կոնգրեսը։
Նա հայտնել է, որ առաջիկա օրերին Միացյալ Նահանգները Ուկրաինային 800 միլիոն դոլարի ռազմական օգնության ևս մեկ փաթեթ կտրամադրի, որը կներառի հակաօդային պաշտպանության և HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
«Կաջակցենք Ուկրաինային այնքան, որքան պահանջվի՝ հաշվի առնելով մինչև ձմեռ հակամարտությունը դադարեցնելու՝ Կիևի ցանկությունը»,- նշել է Բայդենը։
ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ՆԱՏՕ-ԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԵՎ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը կստորագրվի հուլիսի 5-ին՝ հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղարը։ Դրա վավերացումից հետո դաշինք հրավիրված երկիրը դառնում է կառույցի լիիրավ անդամ։
«ՆԱՏՕ-ն պատրաստ է այդ որոշման հետևանքներին, նաև ընդգծում ենք Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական բախումը կանխելու անհրաժեշտությունը»,- հավատացրել է Ենս Ստոլտենբերգը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության վերաբերյալ ավելի վաղ ստորագրված հուշագիրը դիվանագիտական հաղթանակ է անվանել, գոհունակությամբ նշել՝ փաստաթղթում հաշվի են առնվել Թուրքիայի մտահոգությունները։
Նրա խոսքով՝ Շվեդիան խոստացել է Թուրքիային արտահանձնել Անկարայի կողմից ահաբեկիչ ճանաչված 73 անձի։
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԶԳՈՒՄ Է ՌԴ-Ի ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ
Արևմուտքը չի չեղարկի հակառուսական պատժամիջոցները, եթե Ուկրաինան խաղաղության մասին համաձայնագիր կնքի իրեն պարտադրված պայմաններով՝ ասել է Գերմանիայի կանցլերը։
Օլաֆ Շոլցը, միաժամանակ, խոստովանել է, որ Արևմուտքն էլ է զգում Ռուսաստանի դեմ սահմանափակումների բացասական հետևանքները, հատկապես՝ էներգետիկայի ոլորտում։
Նա նշել է նաև, որ աշխատանքներ են տարվում՝ լուծելու Ռուսաստանից Լիտվայի տարածքով Կալինինգրադ բեռնափոխադրումների սահմանափակման հարցը։
Մինչ այդ, Մոսկվան փոխադրումների այլընտրանքային ճանապարհներ է մշակում:
«Խոլմոգորի» նավը առաջին անգամ Սանկտ Պետերբուրգից Կալինինգրադ է հասցրել մարզի բնակիչների համար անհրաժեշտ ապրանքատեսակները։ Նավն այդ երթուղով կգործարկվի շաբաթը մեկ անգամ:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՎ ՌԴ-Ն ԳԵՐԻՆԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ
Ուկրաինական և ռուսական կողմերը գերիների փոխանակում են իրականացրել: Յուրաքանչյուր կողմին վերադարձվել է 144 զինծառայող։ Ուկրաինայի ՊՆ-ից հայտնել են, որ փոխանակված ռազմագերիների թվում են նաև Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից ռուսական կողմին հանձնված զինվորականները։