ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԵՌԱԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ քննարկում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակ։
Ռուսաստանի արտգործնախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարումը՝ կապված տարածաշրջանում խաղաղ կյանքի պահպանման և կայունության ամրապնդման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական կապերի հաստատման հետ։ Երկու կողմերն էլ հաստատել են այս հարցի շուրջ երկխոսելու պատրաստակամությունը:
ԻՍՐԱՅԵԼԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ԿՊԱՏՐԱՍՏԻ
Իսրայելն Ադրբեջանի համար մասնագետներ է պատրաստելու կիբեռանվտանգության ոլորտում. Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության էլեկտրոնային անվտանգության ծառայությունն ու Իսրայելի համալսարաններից մեկը համաձայնագիր են կնքել։ Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը 3 տարվա ընթացքում ավելի քան 1000 մասնագետ կպատրաստի Ադրբեջանի կիբեռանվտանգության կենտրոնում: Համաձայնագիրը ստորագրվել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի Իսրայել կատարած այցի շրջանակում։
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է 20 ԿՈՐԾԱՆԻՉ ԳՆԵԼ ԱՄՆ-ԻՑ
Հունաստանը պաշտոնական հարցում է ուղարկել ԱՄՆ-ին՝ 20 F-35 կործանիչ գնելու համար՝ հայտարարել է երկրի վարչապետը։ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը պաշտպանության ոլորտի վրա ծախսում է իր համախառն ներքին արդյունքի ավելի քան 2%-ը։ Վերջին տարիներին, սակայն, Հունաստանն ավելացրել է պաշտպանության ոլորտի ծախսերը: Փորձագետների կարծիքով՝ նոր ռազմավարությունը պայմանավորված է հարևան Թուրքիայի հետ հարաբերություններում լարվածության աճով: Կիրիակոս Միցոտակիսը հայտնել է, որ դիտարկում են նաև ինքնաթիռների նոր խմբաքանակի ձեռքբերման հնարավորությունը:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՍԿՍԵԼ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱՀԱՆԵԼ ԵՄ ՏԱՐԱԾՔ
Ուկրաինանն սկսել է էլեկտրաէներգիա արտահանել ԵՄ տարածք՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ մանրամասնելով, որ առաջին փուլը սկսվել է Ռումինիայից: Վոլոդիմիր Զելենսկին վստահություն է հայտնել, որ իր երկիրը կարող է օգնել Եվրամիության երկրներին ավելի հեշտությամբ հաղթահարել էնեգետիկ ճգնաժամը: Նա հիշեցրել է նաև, որ այսօր ավարտվում է ԵՄ խորհրդում Ֆրանսիայի նախագահությունը և սկսվում Չեխիայինը:
«Երախտապարտ ենք մեր չեխ գործընկերներին Ուկրաինայի վերակառուցումը որպես նախագահության առաջնահերթություններից մեկը սահմանելու համար»,- հայտարարել է Զելենսկին՝ մանրամասնելով, որ առաջիկայում պետք է «նորություններ» սպասել Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության բանակցությունների թեմայով։
«Պաշտոնյաները, պատգամավորները, դիվանագետները պետք է աշխատեն այդ հարցի շուրջ օրը՝ 24 ժամ, յոթ օր. վաղը նորություններ կլինեն այս թեմայով, ուկրաինական եվրաինտեգրումը հնարավոր չէ կանգնեցնել»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Խոսելով Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողության մասին՝ Զելենսկին հայտարարել է, որ «ամենադաժան իրավիճակը» Դոնբասում է: Ռուսաստանն իր կրակային ուժը կենտրոնացրել է Դոնբասի շրջանի քաղաքներն ու գյուղերը գրավելու վրա: Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին՝ Ուկրաինային աջակցության նոր փաթեթ նախապատրաստելու համար, նաև Գերմանիայի նախագահին՝ նոր զինատեսակներ տրամադրելու պատրաստակամության համար:
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՇԱՏ ԵՐԿԱՐ ՏԵՎԵԼ. ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՆՑԼԵՐ
Ոչ ոք չգիտի, թե Վլադիմիր Պուտինը որքան ժամանակ կարող է շարունակել պատերազմն Ուկրաինայում՝ CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլերը՝ կարծիք հայտնելով, որ Ռուսաստանն այս պատերազմին շատ երկար է պատրաստվել, ուստի, Օլաֆ Շոլցի կարծիքով, այս հակամարտությունը կարող է դեռ շատ երկար տևել: Խոսելով Արևմուտքի սահմանած պատժամիջոցների հետևանքների մասին՝ Գերմանիայի կանցլերը կարծիք է հայտնել, որ Արևմուտքի պատժամիջոցների ու սահմանափակումների հետևանքները Ռուսաստանն արդեն զգում է, մասնավորապես, տնտեսության վրա:
«ՄԵԿ ԵՐԿԻՐ, ԵՐԿՈՒ ՀԱՄԱԿԱՐԳ» ՍԿԶԲՈՒՆՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱ
«Մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքը վերջին 25 տարիներին Հոնկոնգում հասել է համընդհանուր ճանաչված հաջողություններին, այն փոփոխելու կարիք չկա՝ հայտարարել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը հանդիսավոր միջոցառման ժամանակ՝ նվիրված Հոնկոնգի՝ Չինաստանի իրավասության տակ վերադառնալու 25-ամյակին: Նա ընդգծել է, որ սկզբունքի հիմնական նպատակը պետական իշխանության, անվտանգության և զարգացման շահերի պաշտպանությունն է, ինչպես նաև Հոնկոնգի և Մակաոյի երկարաժամկետ բարգավաճման ու կայունության ապահովումը: «Նման լավ համակարգը որևէ փոփոխության կարիք չունի: Այն պետք է պահպանվի երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է Սին՝ շեշտելով, որ Հոնկոնգը չի կարող նորից քաոսում հայտնվել, պետք է վերացնել բոլոր միջամտությունները և կենտրոնանալ զարգացման վրա: