Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը Մալթայում ընթացող Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում երկրորդ հաղթանակն է տոնել։
Երկրորդ տուրում Հայաստանը մրցել է Սան Մարինոյի հավաքականի հետ՝ առավելության հասնելով 78:66 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 25 միավոր, 4 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 3 արդյունավետ փոխանցում:
Ամերիկահայ Ռեքս Կալամյանի գլխավորած Հայաստանի թիմն առաջին տուրում 100։63 հաշվով պարտության էր մատնել Ջիբրալթարի հավաքականին։
Հայաստանի հավաքականը B խմբում գրավել է առաջին տեղը և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որը տեղի է ունենալու հուլիսի 2-ին։
Մրցակիցը հայտնի կդառնա A խմբի երկրորդ տեղը և B խմբի երրորդ տեղը գրաված (Ջիբրալթար) թիմերի պայքարում։ A խմբում ընդգրկված են Անդորրայի, Մալթայի և Ադրբեջանի հավաքականները: