ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 30-ամյա բնակչի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ հիշյալ 30-ամյա տղամարդը, 2019-2020 թվականների ընթացքում իր բնակության վայրում, ինչպես նաև իր կողմից վարձակալած գրասենյակային տարածքում տեղադրելով համացանցին համակցված հատուկ սարքավորումներ, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) իրականացրել է լիցենզավորման ենթակա գործունեություն՝ ՀՀ տարածքից դուրս գտնվող էլեկտրոնային հաղորդակցության ցանցում սկզբնավորված հեռախոսազանգերի տերմիանցիա:
Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ՓԲ ընկերությունների ցանցերում կատարել է միջազգային մուտքային հեռախոսազանգերի ուղղորդում և վերջնավորում: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը և ՓԲ ընկերությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի` 8.901.557 ՀՀ դրամի վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գյումրի քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրությունը) 3-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: