ՌԴ-Ն ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԸ ԿԱՐԱԳԱՑՆԵՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աննախադեպ քաղաքական ճնշումը, Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանին և Բելառուսին դրդում են արագացնել ինտեգրման գործընթացը: Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է Ռուսաստանի և Բելառուսի տարածաշրջանների IX ֆորումի մասնակիցներին ուղղված ֆորումում:
«Միասին ավելի հեշտ է նվազագույնի հասցնել անօրինական պատժամիջոցների վնասը, ավելի հեշտ է յուրացնել պահանջարկ ունեցող ապրանքների արտադրությունը, նոր իրավասություններ մշակել և ընդլայնել համագործակցությունը բարեկամ երկրների հետ»,- ընդգծել է Պուտինը։
Կրեմլի առաջնորդը նաև հայտնել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը մտադիր են զարգացնել համագործակցությունը ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ պարարտանյութերի ու պարենի համաշխարհային շուկաներ մատակարարելու հարցում։
ԱՆԿԱՐԱՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՊՈՒՏԻՆ-ԶԵԼԵՆՍԿԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Անկարան աշխատում է Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպելու ուղղությամբ` հայտարարել է Թուրքիայի նախագահը ու մանրամասնել, որ նպատակ ունի նախագահների հետ քննարկել գյուղմթերքի արտահանման ճգնաժամը լուծելու ուղիները: Թայիփ Էրդողանը նշել է, որ Սև ծովում 20 թուրքական նավ պատրաստ սպասում է դեպի կարիքավոր երկրներ հացահատկի մատակարարման հարցում օգնելու համար:
Խոսելով Հունաստանի հետ հարաբերությունների մասին՝ Թուրքիայի առաջնորդը նշել է, որ Անկարան չի ծրագրում պատերազմ Հունաստանի հետ, սակայն Աթենքը շարունակում է խախտել Թուրքիայի օդային տարածքը։
Էրդողանի խոսքով` Հունաստանն արդեն 147 անգամ խախտել է օդային տարածքը, Անկարան էլ ստիպված պատասխանել է դրան: Նրա խոսքով՝ որոշ առաջնորդներ փորձում են հաշտեցնել Թուրքիային և Հունաստանին, սակայն «թուրքական կողմը դեռ չի դիտարկում դա»։
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է 20 ԿՈՐԾԱՆԻՉ ԳՆԵԼ ԱՄՆ-ԻՑ
Հունաստանը պաշտոնական հայտ է ուղարկել ԱՄՆ-ին՝ 20 F-35 կործանիչ գնելու համար՝ հայտարարել է երկրի վարչապետը։ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը պաշտպանական ոլորտի վրա ծախսում է իր համախառն ներքին արդյունքի ավելի քան 2%-ը։ Վերջին տարիներին, սակայն, Հունաստանն ավելացրել է պաշտպանական ոլորտի ծախսերը:
Փորձագետների կարծիքով՝ նոր ռազմավարությունը կապված է հարևան Թուրքիայի հետ հարաբերություններում լարվածության աճով: Կիրիակոս Միցոտակիսը հայտնել է, որ դիտարկում են նաև ինքնաթիռների նոր խմբաքանակի ձեռքբերման հնարավորությունը:
ԵՄ-Ն ՌԴ-ԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԱՎԵԼԻ ԽԻՍՏ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՄԲ
Եվրամիությունը Ռուսաստանին սպառնացել է ավելի խիստ մեկուսացմամբ՝ ի պատասխան Սոֆիայում ՌԴ դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի՝ Մոսկվայի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հնարավոր խզման մասին հայտարարության։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության մամուլի ծառայությունը։
ԵՄ-ն «անհիմն սպառնալիք» է անվանել Սոֆիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու ռուսական կողմի հայտարարությունը և ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ: Միաժամանակ եվրոպական կառույցը պաշտպանել է 70 ռուս դիվանագետներին արտաքսելու Բուլղարիայի որոշումը և այն որակել է միջազգային իրավունքին լիովին համահունչ:
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՇԱՏ ԵՐԿԱՐ ՏԵՎԵԼ. ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՆՑԼԵՐ
«Ոչ ոք չգիտի», թե Վլադիմիր Պուտինը որքան ժամանակ կարող է շարունակել պատերազմն Ուկրաինայում, CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլերը՝ կարծիք հայտնելով, որ Ռուսաստանն այս պատերազմին շատ երկար է պատրաստվել, ուստի, Օլաֆ Շոլցի կարծիքով, այս հակամարտությունը կարող է դեռ շատ երկար տևել:
Խոսելով Արևմուտքի սահմանած պատժամիջոցների հետևանքների մասին՝ Գերմանիայի կանցլերը կարծիք է հայտնել, որ արևմուտքի պատժամիջոցների ու սահմանափակումների հետևանքները Ռուսաստանն արդեն զգում է, մասնավորապես, տնտեսության վրա:
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՉԵԽԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Այսօրվանից մեկնարկել է Չեխիայի նախագահությունը Եվրամիությունում: Եվրահանձնաժողովի և Չեխիայի կառավարության անդամների համատեղ նիստով Լիտոմիշլ քաղաքի ամրոցում մեկնարկել է Չեխիայի նախագահությունը Եվրամիությունում: ԵՀ նախագահը նույնպես ժամանել է Լիտոմիշլ՝ մասնակցելու պաշտոնական արարողությանն, իսկ ավելի ուշ` հանդիպելու վարչապետ Չեխիայի վարչապետ Պյոտր Ֆիալային: Միջոցառմանը միացել են նաև Չեխիայի խորհրդարանի վերին և ստորին պալատների անդամները։
Նախագահության մեկնարկի շրջանակում Պրահայում էլ տոնական շքերթ է անցկացվել: Ֆրանսիան Եվրոպական միության նախագահության էստաֆետը երեկ արդեն փոխանցել էր Չեխիային: Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահը հանդիպել էր Չեխիայի վարչապետին՝ նշելով, որ Ֆրանսիայի վեցամսյա նախագահության ընթացքում սկսվել է ուկրաինական պատերազմը, սահմանվել են Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները, առաջ է եկել էներգետիկ ճգնաժամ: Այսօր՝ ավելի վաղ, ՈՒկրաինայի նախագահը երախտագիտություն էր հայտնել չեխ գործընկերներին
Ուկրաինայի վերակառուցումը որպես նախագահության առաջնահերթություններից մեկը սահմանելու համար: