ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ներկայացրեց Վահե Հակոբյանի՝ որպես տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի, լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը:
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահի վրա դրվել են մի շարք պարտականություններ, այն է` նախապատրաստում և նախագահում է հանձնաժողովի նիստերը, գումարում է հանձնաժողովի արտահերթ նիստ, մասնակցում է խորհրդի նիստերին, ղեկավարում է հանձնաժողովի քարտուղարությունը և այլն:
«ԱԺ 8-րդ գումարման առաջին օրացուցային կիսամյակի ընդհանուր 342 քվեարկություններից Վահե Հակոբյանը չի մասնակցել 194-ին: ԱԺ 8-րդ գումարման ընթացքում հրավիրված 25 խորհրդի նիստերից բացակայել է 20 անգամ: ԱԺ 8-րդ գումարման ընթացքում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է 27 հերթական և արտահերթ նիստեր: Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը նիստերի նախապատրաստման, կազմակերպման աշխատանքներին չի մասնակցել, չի նախագահել 11 նիստ»,- ասաց Վարդանյանը:
Նա նշեց, որ հանձնաժողովի նախագահի ընտրության, ինչպես նաև լիազորությունների դադարեցման գործընթացները գտնվում են բացառապես ԱԺ խմբակցությունների որոշումների կայացման և ԱԺ-ի կողմից սեփական գործունեության կազմակերպման տիրույթներում: