ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ու տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը պաշտոնանկ արվեցին: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցեց միայն «Քաղաքացիական պայմանագիրը», նրանք էլ հեղինակել էին նախագծերը:
Նարեկ Բաբայան (ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ) - Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Իշխան Սաղաթելյանին հետ կանչելու քվեարկությանը կողմ՝ 66, դեմ՝ 0, Վահե Հակոբյանին պաշտոնից ազատելու կողմ՝ 66, դեմ՝ 0:
Հարցի քննարկումը կարճ տևեց, անցավ ընդդիմադիրների դատարկ աթոռների ֆոնին: Նախագծի հիմքում կառավարող խմբակցությունը Սաղաթելյանի ու Հակոբյանի բացականերն է դրել: Թեև օրենքով ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի պաշտոնը ընդդիմադիր թևին է պատկանում, ՔՊ-ն պնդում է՝ որպես օրենսդրի փոխխոսնակ՝ Սաղաթելյանը չի կատարել իր անմիջական պարտականությունները, բացակայել է լիագումար, նաև խորհրդի նիստերից:
Արուսյակ Ջուլհակյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - 2022 թվականի հունվարի 17-ից հունիսի 29-ը ներառյալ, այսինքն՝ 2022 թվականի առաջին օրացուցային կիսամյակի նիստերի թվով 342 քվեարկություններից ունեցել է 198 բացակա: 8-րդ գումարման ԱԺ խորհուրդն իր ձևավորման պահից գումարել է թվով 25 նիստ, Իշխան Սաղաթելյանը միայն 7-ին է ներկա եղել:
Զեկուցող Ջուլհակյանը հիշեցրեց՝ ՔՊ-ն կողմ էր քվեարկել Սաղաթելյանի թեկնածությանը, որ ապահովվի ԱԺ բոլոր մարմինների բնականոն ձևավորումը, խորհրդարանում կառուցողական մթնոլորտ լինի: Բայց, ըստ նրա, «Հայաստան» խմբակցության պատգամավորը ոչ միայն չի կատարել քաղաքացիական համերաշխությանն ուղղված իր առաքելությունը, այլև հրահրել է բախումներ, օգտագործել ատելության խոսք, վիրավորել քաղաքացիների, պատգամավորների:
Արուսյակ Ջուլհակյան - Բախումներ հրահրելու նկատմամբ պարոն Սաղաթելյանի սերն իր ապոգեին հասավ հունիսի 3-ին, երբ Իշխան Սաղաթելյանի դրդմամբ՝ երթի մասնակիցները փորձեցին ճեղքել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում գտնվող ոստիկանական շղթան: «Կանայք և աղջիկները թող էս կողմ գան, էս փողոցը հենց հիմա պիտի բացվի, մեր դիմաց փակ փողոց չկա, գնացինք փողոցը բացելու»,- Իշխան Սաղաթելյանի այս կոչին հաջորդեցին զանգվածային անկարգություններ, երթի մասնակիցները, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, քարերով, մետաղյա ձողերով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ հասցրեցին ոստիկաններին:
Մեծամասնությունը պատրաստ է նոր փոխխոսնակ ընտրել, եթե ընդդիմության առաջադրած թեկնածուն կկատարի իր պարտականությունները՝ ապահովելով օրենսդրի բնականոն գործունեությունը՝ շեշտեց Ջուլհակյանը:
Լիազորությունների թերացմամբ նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է աչքի ընկել: Վահե Հակոբյանին վերաբերող նախագծի հիմքում նորից բացակայություններին վերաբերող փաստեր են: Դրանք Ծովինար Վարդանյանը ներկայացրեց:
Ծովինար Վարդանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - ԱԺ 8-րդ գումարման առաջին օրացուցային կիսամյակի ընդհանուր 342 քվեարկություններից Վահե Հակոբյանը չի մասնակցել 194-ին, ԱԺ 8-րդ գումարման ընթացքում հրավիրված 25 խորհրդի նիստերից բացակայել է 20 անգամ: ԱԺ-ն 8-րդ գումարման ընթացքում ընդունել է 253 օրենք, որոնցից 83-ի համար գլխադասային է եղել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը:
Ու սա այն պարագայում, երբ տնտեսական հարցերի հանձնաժողովի կարգավորման դաշտում են երկրի կարևորագույն ոլորտները՝ նշեց Վարդանյանը: Ըստ նրա՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորը չի մասնակցել իր գլխավորած հանձնաժողովի հերթական ու արտահերթ 27 նիստի նախապատրաստման, կազմակերպման աշխատանքներին, չի նախագահել դրանցից 11-ը, չի ստորագրել օրակարգերը, արձանագրությունները, հանձնաժողովի ընդունարանը պարբերաբար փակ է եղել, զանգերը մնացել են անպատասխան:
Ընդդիմադիր երկու խմբակցությունը նախագահի պաշտոն ունի 12 մշտական հանձնաժողովից 3-ում։ ՔՊ որոշումն ընդունելուց շատ չանցած՝ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու մասին էլ հայտարարություն տարածեց «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գևորգյանը: «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը նշում է, որ այսօրվա իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք չի կարող անտեսել, և որոնք թույլ չեն տալիս իրեն շարունակել պաշտոնավարել որպես հանձնաժողովի նախագահ։
Արմեն Գևորգյան (ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ) - 2021 թվականից հանդիսանալով ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ աշխատանքին, ներդրել եմ իմ փորձն ու գիտելիքը, մշտապես փորձել եմ հանձնաժողովում ապահովել արդյունավետ աշխատանքային մթնոլորտ։ Դա արել եմ` հատկապես կարևորելով եվրասիական զարգացման` մեր պետության հեռանկարը: Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքը և ստանձնած պարտավորությունների իրականացումը բոլոր այն միջազգային հարթակներում և կառույցներում, որոնք կարևոր են մեր պետության համար:
Հրաժարականի դիմում գրեցին նաև մյուս մշտական հանձնաժողովների ընդդիմադիր փոխնախագահները: Այդպիսով՝ «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը՝ արտաքին հարաբերությունների, «Հայաստանից»՝ Թադևոս Ավետիսյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի, Արթուր Խաչատրյանն էլ՝ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնները թողեցին:
Բայց ի տարբերություն գործընկերների, հրաժարական չի ներկայացնելու մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը գլխավորող, «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը: «Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը՝ որպես հանձնաժողովի ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ, ԱՆԿԱԽ նախագահ»,- ասում է Թովմասյանը՝ բացատրելով, որ եթե խոսքը գործընկերային համերաշխության մասին է, Արթուր Վանեցյանից հետո բոլորը պետք է հրաժարվեին մանդատներից:
Թագուհի Թովմասյան (ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ որպես առաքելություն, մնացել է այն առանցքային օղակներից մեկը, որը զբաղվում է նաև իշխանության տեսակետները բազմաթիվ հարցերում չկիսող մեր հասարակության մի ստվար զանգվածի իրավունքների խախտման հարցերով: Եվ ճիշտ չէ հասարակության այդ ստվար զանգվածին զրկել այս կարևոր օղակից, որը հնարավորություն է տալիս այս ծանր իրավիճակում շարունակաբար և հետևողականորեն զբաղվել մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությամբ։
Փոխարենը «Պատվի ունեմ»-ը միացել է «Հայաստան» խմբակցությանն ու անդրադարձել պատգամավորներին պաշտոններից հետ կանչելու փաստին։ Իրավիճակն աբսուրդային որակելով՝ խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը պնդում են՝ այս կերպ իշխանությունը փորձում է հանրությանը շեղել առկա կարևորագույն խնդիրներից՝ անվտանգային մարտահրավերներից, Բերձորի խնդրից, նոր զիջումներից:
Հաջորդ նստաշրջանին ընդառաջ ԱԺ բնականոն աշխատանքը պետք է վերականգնվի՝ ասաց ՔՊ քարտուղարը՝ մեկնաբանելով որոշման քաղաքական պատճառները: Ինչ վերաբերում է թափուր մնացած տեղերին, ըստ Հովհաննիսյանի՝ եթե ընդդիմադիրները սահմանված ժամկետում փոխնախագահի և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի համար նոր թեկնածու չառաջադրեն, դրանք կմնան թափուր:
Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար) - Եթե ընդդիմությունն այդ պաշտոնների համար նոր թեկնածու չառաջադրի սահմանված ժամկետում, ապա «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է, որ այն անցնում է մեծամասնությանը: Սակայն ես այս պահին կարող եմ նախնական ասել, որ մենք չենք պատրաստվում այդ պաշտոնները լրացնել:
Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց՝ շատ բացակայած ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու հարցը դեռ քննարկվում է: Որոշումը կկայացվի՝ պայմանավորված հետագա զարգացումներով և ընդդիմադիր պատգամավորների խորհրդարանական պահվածքով: