Չինաստանը լուրջ մտահոգություն և վճռական բողոք է հայտնում ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։
«Հենց ՆԱՏՕ-ն է աշխարհում խաղաղության և կայունության համակարգված մարտահրավերը»,- ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն հայտարարում է, թե պաշտպանական կազմակերպություն է, բայց իրականում շարունակում է իր ընդլայնումը դեպի նոր տարածաշրջաններ:
«ՆԱՏՕ-ն պետք է անհապաղ դադարեցնի անհիմն քննադատությունն ու սադրիչ հայտարարությունները Չինաստանի վերաբերյալ, հրաժարվի «սառը պատերազմի» մտածելակերպից և զրոյական գումարով խաղի հայեցակարգից»,- ասել է ՉԺՀ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
Մադրիդում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդունվել է Դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը, որում Չինաստանը հիշատակվում է որպես «համակարգային մարտահրավեր և մրցակից»: