Ինչպես անել, որ այս տարի Սևանից ոռոգման նպատակով հավելյալ ջուր դուրս չգա: Ըստ հիդրոօդերևութաբանության ու մոնիթորոինգի կենտրոնի ամփոփագրի՝ հունիսի 30-ի դրությամբ Սևանում կուտակված ջրի մակարդակը 1900.74 մետր է եղել՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 6 սանտիմետրով պակաս: Փոխարենը անցած տարվա համեմատ ջրամբարների լցվածության մակարդակն է գոհացնող՝ ասում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Պատկերը բավական բարվոք է մեծ թվերի առումով, բայց եթե ջրամբար առ ջրամբար նայենք, ապա այդ ավելի ջրի մոտ 90 տոկոսը բաժին է ընկնում Ախուրյանի ջրամբարին: Թեև այդքան շատ ջուր կա նախորդ տարվա համեմատ, բայց եղած ջրի 90 տոկոսը մեկ ջրամբարում է կուտակված:
Ախուրյանի ջրերը հիմնականում ոռոգում են Արագածոտնի ու Արամավիրի հողատարածքները: Սևանի ջրերի գոտին Արարատի հողերն են: Այս տարի Սևանին կօգնի Ազատի ջրամաբարը, անցած տարվա համեմատ այն ևս զգալի լցված է:
Գնել Սանոսյան - Հուրախություն մեզ՝ այս տարի մոտ 12 միլիոնով ավելի ջուր կա Ազատի ջրամբարում, քան նախորդ տարի: Բայց, իհարկե, դրանով մեր խնդիրները չեն վերանում:
Ջրի կառավարման հարցում Ջրային կոմիտեում տարին մեկնարկել են՝ որդեգրելով կոշտ քաղաքականություն: 2018-ին ոռոգելի հողատարածքները կազմում էին 82.5 հազար, 2021-ին՝ 87 հազար հեկտար՝ ասում է Ջրային կոմիտեի ղեկավար Վահագն Գևորգյանը: Ոռոգելի տարածքներն ավելացել են նաև թաքնված հողերի բացահայտման շնորհիվ, որոնք տարիներով ոռոգվել են, սակայն ջրի դիմաց վճարում չի եղել: Այդպիսի տարածքներն այս տարի ևս կավելանան:
Վահագն Գևորգյան (Ջրային կոմիտեի նախագահ) - Էս տարի մենք նախատեսում ենք մոտ 90 հազար: Այսինքն՝ կարելի է ասել՝ և՛ արդյունավետ կառավարման արդյունք է եղել, և՛ նոր ոռոգելի հողատարածքների ընդգրկում է եղել:
Մատակարարված ոռոգման ջրի դիմաց անցած տարվա 4,2 միլիարդ դրամը Ջրային կոմիտեում աննախադեպ թիվ են համարում, խոստանում են՝ այս տարի գումարն ավելի մեծ կլինի: