Մարտունիում եղանակը բարենպաստ է, նոր բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են:
Տիգրան Ներսիսյան (շինաշխատանքներն իրականացնող կազմակերպության հիմնադիր) - էս պահի դրությամբ բետոնային աշխատանքներն ավարտել ենք, անում ենք տանիքի, երեսապատման, ներքին կոմունիկացիաները, ինժեներական ցանցը, թթվածնի կայան, ավարտել ենք կաթսայատունը:
Նոր շենքը մոդուլային է, փոխարինելու է հարևանությամբ գտնվող, 80-ականներին կառուցված վթարային շենքին, որի հիմնանորոգումը ծախսարդյունավետության տեսակետից նպատակահարմար չէր:
Տիգրան Ներսիսյան - Զ մասնաշենքը պոլիկլինիկան է, Գ մասնաշենքը թերապևտիկ բաժանմունքն է:
Երվանդ Էլիբեկյան (ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն) - Ունենալու ենք թերապևտիկ բաժանմունք, վիրաբուժական, ինֆեկցիոն, արտահիվանդանոցային, ադմինիստրատիվ: Այս մասնաշենքում էլ տեղակայվելու է վիրահատական բլոկը, ինտենսիվ թերապիան:
Նոր կենտրոնը հագեցած է լինելու նաև ժամանակակից սարքավորումներով: Ներդրված գումարը 2.5 միլիարդ դրամ կկազմի՝ նշում է Էլիբեկյանն ու հավելում՝ 2021-26 թթ. Կառավարության ծրագրով նախատեսվում է արդիականացնել 50 ԲԿ:
Երվանդ Էլիբեկյան - Մարտունին, Վայոց ձորի մարզայինը, Սիսիանի ԲԿ-ն, Թալինի ԲԿ-ի վերակառուցման աշխատանքները, Ծաղկահովիտի առողջության կենտրոնի, Մասիսի ԲԿ-ի, Չարենցավանի, ՀԱՊԱԿ-ի շինարարությունն է ընթացքի մեջ:
Մատունու եղանակին համապատասխան շենք են կառուցում՝ նշում է տեխհսկիչը՝ ջերմամեկուսացնում են և՛ պատերը, և՛ տանիքը: Ձմռանը տաք կլինի, ամռանը՝ զով:
Հենրիկ Սիմոնյան (տեխհսկիչ) - ջերմամեկուսացման մասով ստացվում է 30 սմ պատի հաստություն, 10,5 սմ ցեխ, 4 սմ: 9+15+30՝ 45-50 սմ պատի հաստություն է ստացվում:
Անդրանիկ Հարությունյան (Մարտունու հիվանդանոցի տնօրեն) - Նախագիծը շատ կոմպակտ ու շատ լավն է, պահելու, խնամելու համար էլ շատ լավ է: Ամեն ինչ ճիշտ է հաշվարկված, և որակյալ կառուցվում է:
Մարտունու հիվանդանոցի տնօրենը շինարարությանը հետևում է ամեն օր: Ծանոթ է նախագծային բոլոր փոփոխություններին ու առանձնահատկություններին: Արդեն գիտի՝ որտեղ է լինելու իր նոր աշխատասենյակը:
Կառուցվող կենտրոնի մասով միայն մեկ անհանգստություն ունի:
Անդրանիկ Հարությունյան - Վտանգն էն է, որ կարող է՝ էս լավ պայմաններից հետո հոսքը շատ մեծ լինի, չկարողանանք սպասարկել:
Շինարարությունը մեկնարկել է 2020-ի ամռանը, քովիդից ու պատերազմից ավելի՝ շինարարական տեմպին խանգարել է աշխատուժի պակասը:
Լյովա Արզիկյան (շինարար) - Մեր գործը, պապական արհեստը գաջի գործն է, ամբողջ շենքը մենք ենք գաջել, ուրիշ մարդ չի եղել էստեղ:
Գրեթե նույն աշխատավարձով տարածաշրջանի վարպետներն ու բանվորները նախընտրում են արտագնա աշխատանքը:
Տիգրան Ներսիսյան - Աշխատողը, որը մեզ մոտ աշխատել և ստացել է 300 հազար դրամ աշխատավարձ, 2021-ին ցանկություն է հայտնել գնալ ՌԴ աշխատելու:
Այս պահին շինհարապարակում 50 աշխատող կա, հիմնականում Լոռու ու Շիրակի մարզերից: Տեխհսկիչն արդեն և՛ տեմպից է գոհ, և՛ աշխատանքի որակից:
Հենրիկ Սիմոնյան - Կգնայինք ռիսկի, կարող է կատարողականը բարձր լիներ, բայց անորակ, իսկ սա բոլորիս ձեռք չի տալիս: Այսօր պարզ ճակատով կարող ենք ասել, որ բետոնային աշխատանքների 95 տոկոսն արված է, տեսնում եք՝ որակով:
Մարտունու նոր բժշկական կենտրոնը, հավանաբար, իր դռները կբացի 2023-ի սկզբին: Մարզային հիվանդանոցն արդիականացվում է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով և Կառավարության համաֆինանսավորմամբ: Վերջնանպատակը մեկն է՝ բոլորը, անկախ բնակավայրից, պետք է ստանան որակյալ և հասանելի բուժօգնություն: