ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոյլը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում եռակողմ հանդիպում են անցկացրել:
«Մեր եռակողմ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար, ներառյալ՝ Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացումը, ինչպես նաև Հնդկական և Խաղաղ օվկիանոսների ազատ ու բաց շրջանների ապահովումը»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Նա մտահոգություն է հայտնել Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների մշակման և փորձարկումների կապակցությամբ:
Բայդենի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին Ավստրալիայի, Հարավային Կորեայի, Նոր Զելանդիայի և Ճապոնիայի ղեկավարներին հրավիրելն արտացոլում է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու գլոբալ վճռականությունը Ուկրաինայում ռազմական գործողությունների համար: