Բժշկագիտության բնագավառում Իսրայելի հարուստ փորձը և Հայաստանի առողջապահական համակարգում մեկնարկած բարեփոխումները պոտենցիալ են Հայաստանի և Իսրայելի միջև փոխգործակցությունն ընդլայնելու համար:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ) և Իսրայելի Պետության պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանին: Ներկայացնելով Հայաստանի առողջապահական համակարգի ընդհանուր իրավիճակը` Անահիտ Ավանեսյանն առանձնացրել է ոլորտում հայ-իսրայելական շփումներն ակտիվացնելու մի շարք ուղղություններ`
առողջապահության համակարգի լավագույն մոդելի ստեղծման ուղղությամբ փորձի փոխանակում,
սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի և ոչ վարակիչ այլ հիվանդությունների կանխարգելման և հսկողության արդյունավետության բարձրացում` մասնագետների կարողութունների բարձրացմամբ,
դեղարտադրություն,
արտակարգ իրավիճակների ժամանակ արագ արձագանքման բժշկական թիմերի փորձի փոխանակում:
Դեսպան Յոել Լիոնը ողջունել է հայ-իսրայելական գործակցությունն ակտիվացնելու ջանքերը, հանդես եկել առաջարկներով: Մասնավորապես, քննարկվել են MASHAV իսրայելական միջազգային համագործակցության գործակալության հետ փոխգործակցությամբ հայ մասնագետների համար դասընթացներ կազմակերպելու և փորձի փոխանակման հնարավորությունը:
Դեսպանը նշել է, որ սեպտեմբերին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 72-րդ նստաշրջանի առիթով Իսրայելի Պետություն այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանն անձամբ հնարավորություն կունենա ծանոթանալ իսրայելական առողջապահական համակարգի առանձնահատկություններին` միաժամանակ ձեռք բերելով որոշակի պայմանավորվածություններ: