Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված գործակցության չորրորդ համաժողովն այս տարի բավականին ներկայացուցչական է եղել: Ֆրանսիական կողմից մասնակցել է Լիոնի Մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարը, հայկական կողմից՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, նաև՝ երկու երկրների դեսպանները: Լիոնում էին նաև ՀՀ տարբեր մարզերից ու համայնքներից պատվիրակություններ:
Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետ) - Մենք կառավարման մոդելներով գուցե տարբեր ենք, բայց բոլոր մակարդակներով համագործակցելություն կա, որը, վստահ եմ, որ իր դրական արդյունքը կոնկրետ ծրագրերի շրջանակում անպայման տալու է, պարզապես պետք է լինեն երկկողմ հետևողական:
Երկօրյա նիստերի ու սեմինարների քննարկումների թիրախում «խելացի և կայուն» քաղաքների զարգացման, զբոսաշրջության խթանման ու քաղաքային տնտեսության հարցերն են: Ապակենտրոնացված գործակցության գերակա ուղղությունները ևս ուշադրության կենտրոնում են:
Վաչե Տերտերյան (ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ) - Կարևոր դերակատարում ունի Երևանի համագործակցությունը ֆրանսիական քաղաքների, մասնավորպես այս դեպքում Լիոնի հետ, ոչ միայն մշակութային ու հումանիտար թեմաներով, այլև շեշտադրումներ անելով կառավարչական հմտությունների, ներդրումային որոշակի ծրագրերն իրականացնելու:
Երթևեկության կառավարում, Երևանի գլխավոր հատակագծի մշակում և փորձաքննություն, նաև լանդշաֆտային ձևավորում: Այս հարցերի համատեղ լուծումն է կարևորվել Երևանի քաղաքապետի և Լիոնի Մետրոպոլի նախագահի արդեն առանձին հանդիպման ժամանակ: Բրունո Բերնարը պատրաստակամություն է հայտնել աջակցել նախաձեռնվող բոլոր նոր ծրագրերի լիարժեք իրագործմանը:
Բրունո Բերնար (Լիոնի Մետրոպոլի նախագահ) - Մենք ընտրել ենք այնպիսի ուղղություններ, որոնք կարևոր ու խնդրահարույց են: Վստահ եմ՝ համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք լուծել այդ խնդիրները:
Լիոնի, Լիոնի Մետրոպոլի և Երևանի քաղաքապետարանի միջև ձևավորված գործակցությունն առաջիկա տարիներին կընդլայնվի եռամյա նոր ծրագրով: Նախագծի մշակումը կմեկնարկի հաջորդ տարի:
Հեղինակ՝ Անի Օհանյան