Ազգային ժողովի նախագահը չի բացառում, որ շատ բացակայած ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով որոշում կկայացվի: Հարցն այժմ քննարկվում է, դեռ ժամանակ կա՝ ասաց Սիմոնյանը՝ խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Մեր գործընկերների մի մասը համարում է, որ նրանք իրենց արդեն իսկ զրկել են մանդատներից: Իրենք դուրս են եկել փողոց, ասել, որ այլևս իշխանությունն այնտեղ է: Հիմա գալու են, խելոք այստեղ նստեն և քվեարկեն: Կամ՝ չեն գալու նստեն: Այդ դեպքում արդեն օրենքը կորոշի, և քաղաքական որոշում կլինի: Կա՛մ գալու են խելոք նստեն, կա՛մ չեն գալու և զրկվելու են մանդատներից, այնքան ժամանակ, մինչև կգան նորմալ պատգամավորներ իրենց ցուցակից, որոնք կգիտակցեն, որ իրենք քաղաքական գործիչ չեն:
Սիմոնյանը ողջունեց Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու որոշումը: Կարծում է՝ պարտությունը պետք է ընդունի ու նույնն անի Իշխան Սաղաթելյանը:
ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակին, նաև Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին, պաշտոնից զրկելու որոշում ՔՊ-ն արդեն կայացրել է: Ըստ օրենսդրի խոսնակի՝ այդ հարցով նիստը հնարավոր է՝ կայանա մոտ օրերս: Ու թեև Դոնթի բանաձևով այդ երկու ղեկավար աթոռներն ընդդիմությանն են, բայց Սիմոնյանը նշում է՝ դրանք կարող են թափուր էլ մնալ:
Ալեն Սիմոնյան - Ես չեմ բացառում, որ կընտրենք: Եթե նորմալ թեկնածու առաջադրի ընդդիմությունը, միանշանակ կընտրենք:
Այդ պաշտոնների համար Ալեն Սիմոնյանն իր անձնական չափանիշներն ունի՝ ասում է՝ կարևոր է, որ քաղաքական գործչին վայել պահվածք ունենա, իր գործառույթները լավ կատարի, նիստերին մասնակցի, պարզապես աշխատավարձ չստանա: Ընդդիմությանն էլ դիմելով նշում է՝ թող ցույց տան, որ սա պաշտոնակռիվ չէ: Խորհրդարանի նախագահն անդրադարձավ նաև բողոքի ակցիաների ժամանակ դիմադրության շարժման մասնակիցների ու ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպերին:
Ալեն Սիմոնյան - Գոյություն ունի միջազգային զեկույցներ որոնք մեզ են հաճախ քննադատում, մեզ են ասում, բայց էս գործընթացի մեջ հհ նորագույն պատմության մեջ եզակի դեպքն ա եղել երբ որ ասել են՝ հայաստանում ժողովրդավարությունն, ասվել է, մի փորձեք սասանել, որ հհ ոստիկանության գործողությունները եղել են չափց ավել, նույնիսկ էն հկ-ները, որ ինձ օրինակ մեղադրում են կոռուպցիայի մեջ, էդ հկ-նրի ներկայացուցիչները ասել են, որ ոստիկանության գործողությունները եղել են չափից ավելի մեղմ, մի հատ մահակ չի օգտագործվել:
Լրագրողները Աժ խոսնակից հետաքրքրվեցին նաև Բարձրագույն դատական խորհրդի արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի օրերս հրապարակած աղմկահարույց ձայնագրությնից, որում ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը հորդորում էր Վարդազարյանին՝ պաշտոնից հեռանալ, երաշխավորելով, որ այդ դեպքում նրա դեմ քրեական գործեր չեն հարուցվի: Սիմոնյանն արձագանքեց՝ անօրինական արված ձայնագրությունը չի մեկնաբանում:
Ալեն Սիմոնյան - Ես բարձրաստիճան պետական պաշտոնյա եմ: Եթե ես հիմա սկսեմ դա մեկնաբանել, դա կնշանակի, որ վաղը էն մյուսը կարող է էն մյուսին զապիս անել և ես դա պետք է մեկնաբանեմ, ես չեմ մեկնաբանելու, կհավատաք չեմ լսել, տեսել եմ վերնագիր ու չեմ լսել, ես չեմ լսելու տենց բան:
Աժ նախագահի խոսքով՝ իրավապահներն այժմ զբաղվում են ձայնագրությամբ, ինքը վստահում է համակարգին ու երբ կլինեն տվյալներ, կտա իր քաղաքական գնահատականը: