Արագածոտնում սուբվենցիոն ծրագրերով իրականացված և իրականացման փուլում գտնվող աշխատանքներին է ծանոթացել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը: Թալինում փոխվարչապետը շրջել է հիմնանորոգվող բժշկական կենտրոնի շինհրապարակում, զրուցել բուժանձնակազմի հետ, բժշկական կենտրոնի ղեկավար կազմի հետ քննարկել զարգացման ծրագրերը։ Մաթևոսյանը վստահեցրել է՝ հիվանդանոցի ծառայություններն ավելանալու են:
Համբարձում Մաթևոսյան (ՀՀ փոխվարչապետ) - Ես վստահ եմ, հիմա ծննդատուն ունենալու եք նորը: Եթե դուք ունենայիք, այս պահին տարեկան 150 երեխայի ծնունդ եք ընդունում, ես վստահ եմ՝ վերանորոգումից հետո, հիմնանորոգումից հետո կկրկնապատկվի, կեռապատկվի, որովհետև Աշտարակ, Գյումրի, Երևան չեն գնա:
Համբարձում Մաթևոսյանը եղել է նաև Գառնահովիտում: Այստեղ մոդուլային դպրոց է կառուցվում։ Մթերումների, ոռոգման ջրի և այգեհիմնման աշխատանքների հետ կապված՝ բնակիչները ներկայացրել են իրենց խնդիրները:
Փոխվարչապետի հաջորդ կանգառը Արագածոտն գյուղն էր. Համբարձում Մաթևոսյանը եղել է վերակառուցվող մանկապարտեզի շինհրապարակում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Մաթևոսյանը հավաստիացրել է՝ եթե շինարարությունը լիարժեք և որակով չիրականացվի, աշխատանքը չի ընդունվի։
Համբարձում Մաթևոսյան - Որևէ անորակ աշխատանք չի ընդունվելու, ու կապ չունի՝ դա սուբվենցա է, պետական է, ու, պարոն մարզպետ, այն շինարարական աշխատանքները, որ գնացինք, միասին նայեցինք, դա ընդհանրապես էական չի, որ... Եթե պետական միջոց է, ցանկացած պետական աշխատող պատասխանատվություն է կրում մարզում էդ աշխատանքի որակի համար, եթե խնդիր եք նկատում ու էդ խնդրի մասին չեք բարձրաձայնում, ուրեմն Դուք հավասար պատասխանատու եք էդ խնդրի համար:
Աշտարակում փոխվարչապետը շրջել է նաև Կոմիտասի անվան բարեկարգվող պուրակում, ծանոթացել ասֆալտապատման աշխատանքների որակին, տվել մի շարք հանձնարարականներ։
Համբարձում Մաթևոսյան - Գառանտիա ունի՞, ինչքա՞ն ունի: Բայց լրանում է այս տարի, մի հատ կարգով, պարոն մարզպետ, հանձնարարեք, թող կարգով նայեն դիզերը բաց է. սա ուղիղ մեկ տարի հետո փոս է լինելու, թող գան, արագ շտկեն:
Այցի ավարտին փոխվարչապետ Մաթևոսյանը Արագածոտնի մարզպետարանում հանդիպել է համայնքների ղեկավարների, մարզպետարանի ղեկավար կազմի և մթերող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Փոխվարչապետը վստահեցրել է՝ Կառավարությունը հետևողական է, որ տարածքային զարգացումը համաչափ լինի, և, նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացմամբ, անելու է առավելագույնը՝ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքները զարգացնելու համար: