Հակակոռուպցիոն կոմիտեում ավարտվել է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հարկերը չվճարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արթուր Տոնոյանին, ոստիկանության տնտեսական վարչության պետի նախկին տեղակալին և հաշվապահական ծառայություններ մատուցող երկու ընկերության տնօրենին:
Պարզվել է, որ Արթուր Տոնոյանը, տեղյակ լինելով, որ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշ մատակարարելու նպատակով Հայաստանի շուկա է ցանկանում մուտք գործել ռուսական ընկերություն, 20 տարուց ավելի համարանիշներ մատակարարող եվրոպական ընկերության հետ համաձայնեցված հակամրցակցային գործողություններ է կատարել:
Ռուսական ընկերության նկատմամբ օրենքով չնախատեսված պահանջներ սահմանելով` Տոնոյանը խոչընդոտել է դրա մուտքը Հայաստանի շուկա՝ այդ կերպ ապահովելով եվրոպական ընկերության մենաշնորհային դիրքը: Ոստիկանության պետի տեղակալը նաև պատրաստել է հաշվառման համարանիշների ազգային ստանդարտում փոփոխություններ կատարելու առաջարկ՝ նպատակ ունենալով իրավական և տեխնիկական խոչընդոտներ ստեղծել ռուսական ընկերության համար:
Ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալն էլ, հանդիսանալով գնահատող հանձնաժողովի նախագահ, գնման ընթացակարգում ներառել է Տոնոյանի առաջարկած բնութագիրը: Այսպիսով, Ոստիկանությունը, հնարավորություն ունենալով համարանիշները ռուսական ընկերությունից ձեռք բերել 3342 դրամով, դրանք 2019 թվականի հունվարից մայիս ձեռք է բերել 4380 դրամով, որի հետևանքով պետությունը կրել է 67 միլիոն 163 հազար դրամի վնաս։
Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ եվրոպական ընկերությանը փոխկապակցված, Հայաստանում գործող` հաշվապահական ծառայություններ մատուցող երկու ընկերությունների տնօրենը, եղբոր օժանդակությամբ, 2010-2011 թվականներից իրագործել է հարկեր չվճարելուն ուղղված փաստաթղթաշրջանառության սխեմա, որի հետևանքով պետական բյուջե չի վճարել ընդհանուր 276 միլիոն 33 հազար դրամ հարկեր և տուրքեր. տույժ-տուգանքներով գումարը կազմել է ավելի քան 577 միլիոն դրամ:
Գործի նյութերը տրամադրվել են դատավարության կողմերին` ծանոթանալու համար: