Ազգային Ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոնանկ անելու որոշում «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն ունի: Իսկ քվեարկությունների կեսից ավելիից բացակայած պատգամավորներին մանդատից զրկելու հարցը դեռ քննարկվում է:
«Թող անեն, դա մեզ չի մտահոգում»,- արձագանքելով Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին պաշտոնից զրկելու «Քաղաքացիական պայմանագրի» որոշմանը՝ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը: Կառավարող մեծամասնությունը երեկ հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորներին կհեռացնի ԱԺ փոխնախագահի ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններից:
«Լուրեր»-ի հետ զրույցում Արծվիկ Մինասյանը պնդեց՝ իրենք որևէ պաշտոնի ակնկալիք, ձգտում, ոչ էլ ցանկություն են ունեցել, իրենց լիազորությունները օգտագործվել են բացառապես Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները լուծելու համար:
Արծվիկ Մինասյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար) - Դա իրենց բնորոշ` սեփական աթոռները պաշտպանելու վարքագիծ է, որևէ պաշտոն ընդդիմության համար ինքնանպատակ չի եղել և չէ:
Պաշտոն ու մանդատ ունենալը երկրորդական է համարում նաև ԱԺ փոխխոսնակը: Իշխան Սաղաթելյանը խորհրդարանական մեծամասնության որոշմանը կարճ՝ գրավոր արձագանքեց:
Իշխան Սաղաթելյան (ՀՀ ԱԺ փոխնախագահ) - Եթե մտածում են, որ նման քայլերով ինձ գոնե մի փոքր անհարմարություն են պատճառում, սխալվում են: Տեսեք երկրի առջև կանգնած մարտահրավերները և տեսեք ՔՊ օրակարգն ու առաջնահերթությունները: Այնպես որ, ավելի կարևոր հարցեր կան, այս պահին ուշադրությունս այդ հարցերի վրա է կենտրոնացած:
ԱԺ 12 մշտական հանձնաժողովից, Դոնթի բանաձևի համաձայն, ընդդիմադիր 2 խմբակցությունն ընդամենը երեքն են նախագահում։ Տնտեսական հարցերինը դրանցից մեկն է: Վահե Հակոբյանի դիրքորոշումն այսօր պարզել չհաջողվեց, նա զանգերն ու հաղորդագրություններն անպատասխան թողեց: Իսկ թե ինչ հիմքով են նրան ու Սաղաթելյանին պաշտոնից զրկելու, ՔՊ ղեկավարն առայժմ փակագծերը չի բացում: Ասում է՝ սպասեք, առաջիկայում ամեն ինչ կհրապարակայնացվի, ժամկետների հարցում էլ հստակություն Կոնջորյանը դեռ չի մտցնում:
Հայկ Կոնջորյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար) - Առաջիկայում խորհրդարանում գումարվելիք նիստի ժամանակ, որովհետև պիտի լինի նիստ` իր բոլոր ընթացակարգերով, իր հիմնական զեկուցողով, հարցուպատասխանով, ելույթներով, ու էնտեղ հիմնավորումները կհնչեն` ինչու ենք մենք նման նախաձեռնությամբ հանդես եկել:
Մինչև առաջ կգար պաշտոնանկության թեման, իշխանությունն ավելի վաղ խոսում էր ընդդիմադիր որոշ պատգամավորների մանդատից զրկելու մասին՝ հիմքում ունենալով նրանց բացակաները: Վարչապետի հրաժարականի պահանջով «Դիմադրություն» շարժման անդամները մոտ 1.5 ամիս փողոցային պայքար էին դուրս եկել՝ չներկայանալով ԱԺ լիագումար, նաև հանձնաժողովների նիստերին:
Անդրադառնալով այս թեմային` Մինասյանն ասաց՝ Աժ պատգամավորները իրենց լիազորությունները իրականացնում են՝ այդ թվում շարժման միջոցով՝ քաղաքական լուծումներ առաջարկելով հայ ժողովրդի օրախնդիր հարցերի վերաբերյալ:
Արծվիկ Մինասյան - Խորհրդարանի աշխատանքը պատգամավորի աշխատանքի մի մասն է, և պատգամավորը օժտված է ողջ ժողովրդին ներկայացնելու լիազորությամբ, և նրա գործառույթները սահմանված են Սահմանադրությամբ, այնպես որ բոլոր նրանք, ում համար փափուկ աթոռները դարձել են գերնպատակ, նրանք են մտածում միայն, որ խորհրդարանում ձևական քվեարկություններին մասնակցելն է պատգամավորի աշխատանք:
Հայաստանի ու Արցախի անվտանգային հարցերը Կառավարության առաջնահերթությունն են՝ նշեց ՔՊ ղեկավարը` հավելելով, որ եթե առաջնորդվենք ընդդիմության տրամաբանությամբ, կստացվի, որ պետությունը պետք է կանգ առնի: Հայկ Կոնջորյանի խոսքով՝ վերջին շաբաթում խորհրդարանը դատաիրավական բարեփոխումների կարևորագույն հարցեր է քննարկում, Վճռաբեկի դատավորներ ու գլխավոր դատախազ է ընտրում, մինչդեռ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները հաղորդակից չեն այդ գործընթացներին:
Հայկ Կոնջորյան - Ի վերջո, պետք է թոթափել էս սակավամտությունը քաղաքական և դադարել անընդհատ կրկնել, որ քանի դեռ կա Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցը, այ, հիմա դուք ինչ հարց եք քննարկում, քանի որ եթե այդպես առաջնորդվենք, ընդդիմության էդ պրիմիտիվ ձևակերպմամբ պետք է պետությունը` իր ամբողջ գործառույթներով, կանգ առնի, իսկ եթե պետությունը կանգ առնի, դա ամենամեծ վնասը կլինի Արցախին ու Հայաստանին, դրա համար պետությունը պետք է աշխատի ու չտառապի էն նույն անբանությամբ, որով տառապում է այս ընդդիմությունը:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցերին, Կոնջորյանի խոսքով` երբ լինի որոշում, այդ մասին հանրությունը կիրազեկվի: