Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում մինչև այս պահը մեծ առաջընթաց չկա՝ նկատում է ԱԺ փոխնախագահը՝ գնահատելով տարեսկզբից պաշտոնական Անկարայի հետ մեկնարկած շփումները: Վաղը Վիեննայում Ռուբեն Ռուբինյանն արդեն 4-րդ անգամ է հանդիպելու Սերդար Քլըչին: Օրակարգում կրկին կարգավորման գործընթացն է, քննարկվելու են այն հնարավոր քայլերը, որ կարող են ձեռնարկվել այդ ուղղությամբ՝ փակագծերը շատ չբացելով ասաց հատուկ ներկայացուցիչը:
Ռուբեն Ռուբինյան (ՀՀ ԱԺ փոխնախագահ) - Գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել, և Հայաստանն ունի քաղաքական կամք ու ցուցադրել է այդ քաղաքական կամքը՝ արագ կարգավորմանը հասնելու և գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի կառուցողականությունից ու համապատասխան քաղաքական կամքից:
Երևան-Անկարա երկխոսության մեկնարկից սկսած կողմերը հայտարարում են, որ վերջնանպատակը դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, սահմանների բացումը: Բայց արդեն կես տարի ընթացող բանակցությունների արդյունքում վերագործակրվել են միայն Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքները: Արդյոք կարգավորման գործընթացը կտա՞ ցանկալի արդյունք, հարցին՝ Ռուբինյանը միանշանակ դրական չի արձագանքում:
Ռուբեն Ռուբինյան - Ես չէի ասի, որ շատ ոգևորված սկսվեց ամեն բան, նաև չէի ասի, որ հիմա կա հիասթափություն: Գործընթաց է, այո, այդ գործընթացը դեռ չի տվել շոշափելի արդյունքներ, բայց դա չի նշանակում, որ այն չի կարող տալ, բայց չի էլ նշանակում, որ հաստատ տալու է:
Առանց նախապայմանների կարգավորման գնալու կողմերի պատրաստակամության ֆոնին, սակայն, թուրքական կողմը ադրբեջանամետ հայտարարություններ է անում, թուրք բարձրաստիճան պաշտոնյաներն էլ կրկին իրական էին որակել այպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը: Նման հայտարարությունները չեն նպաստում հարաբերությունների առաջխաղացմանը, հակառակը՝ խանգարում են՝ շեշտեց հատուկ բանագնացը՝ նորից վերահաստատելով՝ ոչ մի ձևաչափում հայկական կողմը միջանցքային տրամաբանության հարց չի քննարկել, չի քննարկում:
Ռուբեն Ռուբինյան - Որևէ խոսք չի կարող լինել Լաչինի միջանցքի և Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհի կարգավիճակի իմաստով, որևէ նույնություն չի կարող լինել, և դա բխում է նոյեմբերի 9-ի հայտարարությունից:
Արդեն 4-րդ անգամ անընդմեջ հանդիպման համար երրորդ երկիր է ընտրվում: Առաջինը Մոսկվայում էր, նախորդ երկուսը՝ Վիեննայում: Ռուբինյանի համար տարօրինակ է, որ թուրքական իշխանությունները մի կողմից հայտարարում են՝ հատուկ ներկայացուցիչների հանդիպումներ Երևանում և Անկարայում կազմակերպելու ցանկության մասին, մյուս կողմից իրենց քայլերը համաձայնեցնում Ադրբեջանի հետ: