Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այն տևել է 1 ժամ 10 րոպե և անցել է փակ դռների հետևում։
Երկկողմ հանդիպումից առաջ Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումը կնպաստի ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։
Նրա խոսքով՝ Անկարան հավասարակշռված քաղաքականություն է վարում ուկրաինական հակամարտության և Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցում։
Բայդենը, իր հերթին, ողջունել է ՆԱՏՕ-ին Հելսինկիի և Ստոկհոլմի անդամակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները և Թուրքիայի դրական դիրքորոշումը, ինչի շնորհիվ Ֆինլանդիան և Շվեդիան նախօրեին Դաշինք հրավիրված երկրների կարգավիճակ են ստացել։
Նախագահներն ընդգծել են նաև Էգեյան ծովում և Սիրիայում կայունության պահպանման կարևորությունը: Բայդենը վերահաստատել է երկկողմ հարաբերությունները զարգացնելու՝ Վաշինգտոնի պատրաստակամությունը: