Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ հրապարակեց հանրապետական նախկին պատգամավոր, Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի Լևոն Սարգսյանի և նրա փեսայի՝ Սուրեն Ղազարյանի գործով դատավճիռը:
Տաթևիկ Գրիգորյան (դատավոր) - Դատարանը վճռեց ամբաստանյալ Լևոն Հրաչյայի Սարգսյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցանքում:
Այսպիսով Սարգսյանը մեղավոր ճանաչվեց Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 14 տարի առաջ կատարված ավազակային հարձակումը պատվիրելու և կազմակերպելու համար՝ դատապարտվելով 9 տարվա ազատազրկման: Նրա փեսան՝ Սուրեն Ղազարյանը, որը մեղադրվում է Սարգսյանին օժանդակելու համար, դատապարտվեց 8 տարվա ազատազրկման: Քանի որ նախաքննության փուլում Ղազարյանը 2 ամիս անազատության մեջ է եղել, դատարանը հաշվակցեց նրա՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը և վերջնական պատիժ նշանակեց 7 տարի 11 ամիս 26 օր ժամկետով ազատազրկում։
Դատավճռով՝ Լևոն Սարգսյանի շարժական, անշարժ գույքի, բոլոր բանկերում ունեցած հաշիվների վրա դրված կալանքը վերացվեց:
Մեղադրող դատախազը նախորդ նիստերում միջնորդել էր Լևոն Սարգսյանին դատապարտել 11, Սուրեն Ղազարյանին` 10 տարվա ազատազրկման: Իսկ պաշտպանական կողմը խնդրել էր արդարացնել մեղադրյալներին: Դատավճռի հրապարակումից հետո պաշտպան Աշոտ Սարգսյանը «Լուրերի» հետ զրույցում ասաց՝ դատավճիռն անսպասելի էր, հավելեց՝ կքննարկեն այն բողոքարկելու հարցը:
Աշոտ Սարգսյան (Լևոն Սարգսյանի պաշտպան) - Բացարձակ հիմքեր չկար, ես հլը պետք ա հիմնավորումը տեսնեմ, բայց չեմ պատկերացնում, որ ողջամիտ հիմնավորում լինի, իսկ հաշվի առնելով ներկա դատական համակարգի էս վիճակը, իհարկե, սպասելի էր, բա հո չէին արդարացնելու:
Այս գործով տուժողը Արմեն Ավետիսյանն էր. նա այդպես էլ մեկ տարի տևած դատական նիստերին չներկայացավ առողջական վիճակի պատճառով: Նրա առանձնատան վրա հարձակումը տեղի էր ունեցել 2008-ին. Այն կատարելու համար 2011-ին 10 անձ մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել: Սարգսյանին սակայն մեղադրանքն առաջադրվել էր հեղափոխությունից հետո՝ 2018-ին: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, 2019-ի նոյեմբերին Մոսկվայում կալանավորվել, ապա արտահանձնվել էր Հայաստանին։
Հեղինակ` Տաթև Խաչատրյան