ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Կողք կողքի» ներառական կրթամշակութային հասարակական կազմակերպության և «Աուտիզմ» ազգային հիմնադրամի նախաձեռնությամբ 2022 թ. ապրիլի 15-ից մեկնարկել է «Մշակույթի և կատարողական արվեստի զարգացումը ներառական կրթության մեջ» խորագրով Hope For Dreams երաժշտական նախագիծը:
Նախագծի մասնակիցներն են այն երիտասարդ երաժիշտները, հաշմանդամություն ունեցող երեխաներն ու դեռահասները, որոնք ամիսներ շարունակ փորձերի և վարպետաց դասերի շնորհիվ հանրությանը ներկայացել են համերգային ծրագրով: Միջոցառման նպատակն է արվեստի միջոցով համախմբել ներառական, կրթական և մշակութային ոլորտները, մարդասիրություն տարածել՝ ապացուցելով, որ սահմանափակ կարողությունները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ, երբ անձն արվեստի որևէ բնագավառում ունի կատարելագործվելու և ինքնադրսևորվելու հնարավորություն:
Նախագծի առաջին համերգը տեղի է ունեցել մայիսի 25-ին «Նարեկացի» արվեստի միությունում, իսկ հունիս-հուլիս ամիսներին նախատեսվում են համերգներ Գյումրիում և Արցախում:
Ծրագիրը կավարտվի հուլիսի 15-ին Արցախում: Հավելենք, որ Hope For Dreams երաժշտական նախագիծն առցանց մասնակցել է Մոսկվայում կայացած Солнечная музыка երաժշտական ներառական փառատոնին և արժանացել գովասանագրի: