Դեռ մեկուկես տարի ժամանակ կա Բերձորի ճանապարհի, նաև բնակիչների համար լուծումներ գտնելու համար, այս հարցով ակտիվ աշխատանք է տարվում Արցախի կառավարության հետ՝ Կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով Բերձոր, Աղավնո և Սուս բնակավայրերի ճակատագրի վերաբերյալ հարցին:
«Ընդհանուր առմամբ այս հարցերը հենց նոյեմբերի 9-ից սկսած մենք քննարկում ենք Արցախի մեր գործընկերների հետ, որպեսզի լուծումներ գտնենք: Արցախի իշխանություններն այս մասով աշխատանքներ են տանում. սրա մասին նաև հրպարակային խոսել ենք, և մենք դեռ ժամանակ ունենք և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծումներ գտնելու համար, այսինքն՝ մոտավոր մեկուկես տարի դեռ ունենք: Արցախի կառավարության հետ կաշխատենք և լուծումներ կգտնենք»,- նշեց Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին, ԱԽ քարտուղարը նշեց. «Երբ մենք խաղաղության օրակարգն ենք փորձել առաջ տանել, խոսել ենք նաև հնարավոր խնդիրների մասին: Այնպես չէ, որ խաղաղության օրակարգի մասին խոսում ենք, մտածում էինք, որ ամեն ինչ շատ հեշտ է լինելու. մենք գիտենք դրա դժվարությունների մասին, բայց նաև հասկանում ենք. որպեսզի կարողանանք մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգություն ապահովել, անվտանգության երաշխիքների հնարավոր տարբերակը խաղաղության օրակարգն է: Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, բայց նաև հասկանում ենք, որ միայն Հայաստանից չէ դա կախված. նաև դա է պատճառը, որ աշխատում ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, որպեսզի խաղաղության օրակարգն առաջ տանենք»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ միջանցքի իրականության դառնալու վերաբերյալ հայտարարությանը, ԱԽ քարտուղարը դարձյալ շեշտեց՝ բացառվում է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ:
«Պաշտոնական Երևանը նոյեմբերի 9-ից հետո սրան արձագանքում է. և ոչ միայն պաշտոնական Երևանը, այլ նաև պաշտոնական Մոսկվան, պաշտոնական Բրյուսելն այս մասին ասել են: Կարծում եմ՝ բանակցային գործընթացի ընկալման խնդիր կա, որովհետև բոլորը հայտարարում են, որ միջանցք երբեք չի քննարկվել, բայց ադրբեջանական կողմը դրա մասին հայտարարում է անհասկանալի պատճառներով»,- ասաց նա:
Նա հիշեցրեց, որ ապաշրջափակումը քննարկվել է և՛ Մոսկվայում, և՛ Բրյուսելում:
«Եթե հիշում եք՝ երկար ժամանակ Ադրբեջանն ասում էր, որ միջանցք է քննարկվում, և եթե չեմ սխալվում` անցյալ տարի նոյեմբերի 6-ին, երբ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը գտնվում էր Երևանում, հայտատարեց, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում: Նույնը տեղի ունեցավ բրյուսելյան բանակցություններից հետո, երբ Ադրբեջանը հայտարարեց, որ միջանցք ենք քննարկում, նախագահ Միշելի խոսնակը հրապարակային հայտարարեց, որ որևէ միջանցք երբևէ չի քննարկվել: Սա ցույց է տալիս, որ բանակցություննե8ում մեր մոտեցումը միշտ սա է եղել, և շարունակելու է սա մնալ»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ Ադրբեջանի հետ քննարկվող օրակարգային հարցերը չորսն են՝ հումանիտար հարցերի մեջ առաջնահերթը գերիների վերադարձը, անհետ կորած անձանց մասին տեղեկություններ հավաքագրելը և ընտանիքներին տրամադրելը, ապաշրջափակումը տարածաշրջանի, դելիմիտացիան և դեմարկացիան, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորւմը:
«Այս չորս հիմնական հարցերն են, որ որոնք Ադրբեջանի հետ քննարկվում են»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ միջանցքի իրականության դառնալու վերաբերյալ հայտարարությանը, ապա Արմեն Գրիգորյանն ասաց, որ բանակցային գործընթացի ընկալման խնդիր կա: