Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի գործով դատական նիստը:
Վահանյանը, ըստ մեղադրանքի, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հադրութ բնակավայրի Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում, հանդիսանալով պաշտոնատար անձ, դրսևորել է իշխանական անգործություն: Նա ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով նաև վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը, ինչի հետևանքով զինծառայողների մի մասը զոհվել է, մի մասը գերեվարվել, մյուսների գտնվելու վայրը անհայտ է:
Դատարանն այս գործով վկաների հարցաքննության փուլում է: Ցուցմունք տվեց Արսեն Ղուկասյանը, որի եղբորորդին մինչ այս պահը համարվում է անհետ կորած։
Արսեն Ղուկասյան (անհետ կորած Սարգիս Ղազարյանի հորեղբայրը) - Հոկտեմբերի տասին եղբորս որդին, որը մինչև հիմա անհետ կորած է, եղել է իր զինվորը, զանգել է ինձ ու հայտնել, որ շրջափակման մեջ են։ Ես սկավառակը նաև ներկայացրել եմ գործին, որ տեսնեն` ինչ է ինձ ասել հրամանատարը, ոնց է ասել: Երեխեքը եղել են անելանելի վիճակի մեջ, կապի միջոց չեն ունեցել:
Ըստ վկայի՝ եթե զինծառայողները կապի միջոց ունենային, կապ կհաստատեին ԱԱԾ զորքերի հետ, որպեսզի կարողանային հայտնել իրենց գտնվելու վայրը:
Պաշտպանական կողմի պնդմամբ՝ Իշխան Վահանյանը հոկտեմբերի 10-ին մարտադաշտը լքել է, քանի որ վիրավոր է եղել:
Ղուկասյանը, սակայն, պնդում է` ամբաստանյալն ավելի շուտ է վիրավորվել.
«Ամսի 10-ին ինքն ուղղակի էդ իր հին վերքը քչփորել է, արյուն բերել ու ասել` վիրավոր եմ, այդ պատրվակով թողել- փախել»:
Դա հիմնավորելու համար Ղուկասյանը նշեց, որ առկա է լուսանկար, որում երևում է Վահանյանի նստած դիրքը, ինչից պարզ է դառնում, որ վերջինս արդեն վիրավոր էր լուսանկարման պահին՝ հոկտեմբերի 7-ին, երբ նրան տեսել է Հադրութի դպրոցում:
Դատակոչված հաջորդ վկան Գլխավոր շտաբի ներկայացուցիչ, գնդապետ Նորայր Կարապետյանն էր. Նա ներկայացրեց մարտերի ժամանակ գումարտակի հրամանատարի գործողությունները։
Նորայր Կարապետյան (Գլխավոր շտաբի ներկայացուցիչ) - Բոլոր դեպքերում հրամանատարը պարտավոր է կազմակերպել մարտը, որոշում ընդունել, զեկուցել վերադաս հրամանատարին ընդունված որոշման մասին և հաստատվելուց հետո գործել` համաձայն ընդունված որոշման:
Մեղադրող դատախազի հարցին՝ ստորաբաժանումը եթե չունի կապի միջոց, ղեկավարումն արդունավետ կլինի՞, վկան բացասական պատասխան տվեց:
Վկային հարցեր ուղղեցին նաև տուժողի իրավահաջորդները.
«Դուք լինեիք՝ կփախչեի՞ք, 18 տարեկան տղերքին կթողնեիք պատերազմի դաշտում, կփախչեի՞ք»:
Նախագահող դատավորը վերաձևակերպեց հարցը՝ թեթև վիրավորման դեպքում գումարտակի հրամանատարը բուժումը պետք է շարունակի տեղո՞ւմ, թե՞ հիվանդանոցում: Գնդապետ Կարապետյանը նշեց, որ ցանկացած դեպքում, եթե հրամանատարն ունակ է, պետք է վարի մարտը։
Մյուս վկան Վազգեն Վարդանյանն էր, որը ծառայել է Իշխան Վահանյանի հետ, եղել վաշտի հրամանատար։ Նա դատարանին հայտնեց, որ Վահանյանին վերջին անգամ տեսել է Խուռհատ սարի վրա, երբ մասնակցել են մարտական գործողությունների։
Վազգեն Վարդանյան (վկա) - Հարձակման ժամանակ իրեն նկատել եմ վա՜խ-վախ անելով ճանապարհով գնալիս։ Դրանից հետո էլ չեմ նկատել:
Ասաց՝ ընթացքում տեղեկացել է, որ զոհեր կան, դիրքային փոփոխություններ են եղել, վիրավորվել է նաև Իշխան Վահանյանը, իսկ թե ինչ հանգամանքներում՝ վկան չհիշեց:
Վազգեն Վարդանյանի պատասխանները վրդովեցնում էին տուժողի իրավահաջորդներին:
Վկայի խոսքով՝ Վահանյանը պետք է տեղակալ նշանակեր, կապի միջոց թողներ, նոր գնար, սակայն կապի միջոցի հանձնում չի եղել։
Վկաների հարցաքննությունը կշարունակվի օգոստոսի 2-ին:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան