2023 թվականին և հաջորդող 2 տարիներին հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված կլինի թիրախավորված 7 տոկոս տնտեսական աճի ապահովմանը՝ շեշտադրելով պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը և ծախսերի իրականացման արդյունավետության բարձրացումը: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով համապատասխան օրենքի նախագիծը:
«Կարևոր է ընդգծել, որ դա պետք է տեղի ունենա պարտքի կառավարելիության բարձրացման և այդպիսով՝ մակրոտնտեսական կայունության երաշխավորման պայմաններում»,- ասաց Խաչատրյանը:
Նախարարի խոսքով՝ նախնական գնահատականներով, հարկաբյուջետային քաղաքականության կարևոր ցուցանիշներն այս տարվա ընթացքում կարձանագրեն 2022 թվականի բյուջեով սահմանված թիրախային ցուցանիշների առաջանցիկ բարելավում:
«Կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի ավելի արագ, քան նախատեսված է, և չի գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը՝ սահմանված 60.2 տոկոսի փոխարեն: Հարկային եկամուտները կգերազանցեն ՀՆԱ-ի նկատմամբ 23.4 տոկոս, որն այս տարվա համար սահմանված թիրախն է: Պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորումն ավելի մեծ չափով կիրականացվի սեփական եկամուտների հաշվին և ավելի քիչ կֆինանսավորվի փոխառու միջոցներով, ինչի արդյունքում պետական բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ չի գերազանցի 3 տոկոսը»,- ասաց նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մեջբերեց Վիճակագրության կոմիտեի՝ վերջերս հրապարակած տնտեսական ցուցանիշները ու նշեց, որ պատկերը բավականին լավն է:
«Պիտի արձանագրենք կարևոր մի հանգամանք, որ աճի հիմնական լոկոմոտիվներից են շինարարության ճյուղը, որի աճը մայիսը մայիսի նկատմամբ կազմել է 18.1 տոկոս, ծառայությունների ոլորտը, որի աճը նախորդ տարվա մայիսի նկատմամբ կազմել է 30.2 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությունը, որի աճը կազմել է 8.2 տոկոս և արտահանման աճը, որը նախորդ տարվա մայիսի համեմատ ավելացել է 33.7 տոկոսով»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ կա նաև մտահոգություն առաջացնող ցուցանիշ:
«Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է ընդամենը 2 տոկոսով: Իհարկե, նաև գնաճային բարձր ֆոնն է պահպանվում, որը մտահոգիչ է: Բայց տնտեսական ակտիվության հնգամսյա ցուցանիշներով մենք դուրս ենք եկել երկնիշ տնտեսական աճի գոտի»,- ասաց Փաշինյանը: