Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին Ազգային ժողովի նիստում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ՝ ներկայացնելով Արցախի նախագահի 2021 թվականի ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները, ինչպես նաև 2022 թվականի միջոցառումների ծրագիրը:
Երկրի ղեկավարը ամփոփ ներկայացրել է հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները, նախանշել անվտանգային, արտաքին և ներքին քաղաքական, սոցիալ-տնտեսական առաջնահերթություններն ու անելիքները։
Իր խոսքում Արցախի նախագահը նշել է, որ 2021 թվականը երկրի համար պատերազմի հետևանքների վերացման և բնականոն կենսագործունեության վերականգնման տարի էր, և Արցախի կառավարությունը շարունակել է իր որդեգրած մարդակենտրոն քաղաքականությունը` ջանքերը գերազանցապես ուղղելով պատերազմական գործողությունների հետևանքների մեղմմանը, բնակչության կենսական առաջնահերթ խնդիրների լուծմանը, սոցիալ-հոգեբանական աջակցության ապահովմանը:
Անդրադառնալով 2022 թվականի անելիքներին՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի կառավարությունը հետևողականորեն շարունակում է Արցախի անվտանգությանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված աշխատանքը՝ այդ ճանապարհին կարևորելով յուրաքանչյուրի ջանքն ու ներուժը՝ Արցախում, մայր Հայաստանում և Սփյուռքում։
Ելույթից հետո երկրի ղեկավարը պատասխանել է ԱԺ պատգամավորների բարձրացրած հարցերին՝ պարզաբանումներ տալով տարբեր ոլորտներում իրականացվող և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ։
Այնուհետև Արցախի նախագահը մասնակցել է Ազգային ժողովի լիագումար նիստի շրջանակներում օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգին: