Կառավարության որոշմամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվեց Սեդա Սաֆարյանի թեկնածությունը:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը:
Ինչպես նշեց Գրիգոր Մինասյանը, մայիսի 31-ին ՀՀ վարչապետի աշխատակազմ ՍԴ նախագահի կողմից գրություն է ստացվել, որի համաձայն՝ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սույն թվականի դեկտեմբերի 10-ին:
Իր հերթին, Սեդա Սաֆարյանն ասաց. «Կարծում եմ, որ իմ անմիջական մասնակցությունը սահմանադրական արդարադատության իրականացմանը կստացվի, և դուք չեք զղջա ինձ այդ բարձր պաշտոնի թեկնածու առաջադրելու համար»:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Սեդա Սաֆարյանը հայտնի է իր փաստաբանական գործունեությամբ. «Մենք առաջադրում ենք, և Ազգային ժողովում է ընտրությունը տեղի ունենալու: Իհարկե, առաջադրելիս մենք, բնականաբար, քննարկումներ ենք ունեցել նաև խորհրդարանական մեր գործընկերների հետ, նաև «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունում է քննարկվել այդ հարցը և որոշում ընդունվել:
Այնպես որ, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ քաղաքական որոշում է կայացվել, ինչը և տրամաբանական է այս դեպքում»: