Այսօր տեղի է ունեցել Հայաստանի հանքարդյունաբերության քաղաքականության II ծրագրի շրջանակներում Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության վերջնական նախագծի քննարկումը:
Միջոցառմանը ներկա են եղել ՏԿԵ նախարարության, շահագրգիռ գերատեսչությունների, Համաշխարհային բանկի, ԱՃԹՆ-ի, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ընդերքօգտագործող կազմակերպությունների ներկայացուցիչները:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել բոլոր այն շահագրգիռ անձանց, որոնք այս ամիսների ընթացքում իրենց ներդրումն են ունեցել փաստաթղթի մշակման աշխատանքներում:
Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նպատակն է ոլորտի կարգավորմանն ու առաջընթացին օժանդակելը, ինչպես նաև այն կօգնի ապահովել, որ հանքարդյունաբերությունն ունենա դրական և օրինաչափ դերակատարում Հայաստանի կայուն զարգացման և տնտեսական աճին նպաստելու հարցում: Վերջինս պետք է միտված լինի տնտեսության երկարաժամկետ զարգացմանը, բնական ռեսուրսների արդյունավետ շահագործմանը, բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարմանն ու նվազեցմանը, ինչպես նաև եկամուտների համաչափ/արդարացի բաշխմանը։
Ծրագիրը նախաձեռնվել է ՀՀ Կառավարության կողմից և իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ։