ԱՄՆ-Ը ԿԱՎԵԼԱՑՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
ԱՄՆ նախագահը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ, հայտարարել, որ Վաշինգտոնը կավելացնի իր ռազմական ներկայությունը Եվրոպայում։
Նա համոզմունք է հայտնել, որ ՆԱՏՕ-ն պետք է կարողանա արձագանքել հնարավոր բոլոր սպառնալիքներին՝ օդում, ցամաքում թե ջրում։
«ԱՄՆ-ն Եվրոպա է ուղարկում լրացուցիչ F-35 կործանիչներ, իսկ Իսպանիայում ամերիկյան բազայի կործանիչների թիվը կհասցվի 6-ի։ Լեհաստանում էլ կտեղակայվի ԱՄՆ զինված ուժերի ցամաքային զորքերի 5-րդ կորպուսի շտաբը, Բալթյան երկրներում կավելացվի ռոտացիոն զորքերի թիվը»,- մանրամասնել է Սպիտակ տան ղեկավարը։
Նա հավելել է, որ Վաշինգտոնն ակնկալում է հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր տեղակայել Իտալիայում և Գերմանիայում։
ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը կարձագանքի Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության ավելացմանը. «Երկիրն ունի համապատասխան հնարավորություններ և ռեսուրսներ»,- զգուշացրել է Սերգեյ Ռյաբկովը:
ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԿԸՆԴՈՒՆՎԻ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի թիվը մինչև հաջորդ տարի 40000-ից կհասցվի 300000-ի, Ռուսաստանի հետ սահմանին կտեղակայվի ծանր տեխնիկա, ՆԱՏՕ-ի ուժերը կտեղաբաշխվեն, որպեսզի արդյունավետ պաշտպանեն արևելյան որոշ հատվածներ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
«Օրինակ՝ Գերմանիան այժմ առանձին բրիգադ է հատկացրել Լիտվան պաշտպանելու համար: Նույն տրամաբանությունը կգործի նաև մյուս անդամ երկրների դեպքում»,- պարզաբանել է պաշտոնյան։
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովում կընդունվի ռազմավարության նոր հայեցակարգ, որի շրջանակում Ռուսաստանը կհամարվի ուղղակի սպառնալիք Դաշինքի համար, այդ հայեցակարգը կդառնա ՆԱՏՕ-ի ապագայի գծագիրը:
«Գործող հայեցակարգն ընդունվել է 2010 թվականին։ Դրանում Ռուսաստանը ներկայացված էր որպես ռազմավարական գործընկեր, հիմա դա անհնար է պատկերացնել»,- համոզմունք է հայտնել Ստոլտենբերգը։
Գլխավոր քարտուղարը գոհունակությամբ արձանագրել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության գործընթացն աննախադեպ արագությամբ է առաջ շարժվում, սակայն նշել՝ անդամակցության ժամկետը կախված է նրանից, թե դաշինքի անդամ երկրները երբ կվավերացնեն անդամակցության մասին արձանագրությունը։
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Ուկրաինան չի հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից՝ հայտարարել է ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան։
Դմիտրո Կուլեբա (Ուկրաինայի ԱԳ նախարար) - Դաշինքը Եվրոպայում անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեխանիզմն է: Սակայն ՆԱՏՕ-ին անդամակցելու համար միայն մեր ցանկությունը բավարար չէ, պետք է որ դա ցանկանա նաև Դաշինքը: Պատերազմի սկզբից ի վեր կառույցը ոչ մի քայլ չի ձեռնարկել Ուկրաինայի ինտեգրման ուղղությամբ:
Հյուսիսատլանտյան դաշինքին Կիևի միանալու հարցին անդրադարձել է նաև Վոլոդիմիր Զելենսկին. նախագահը տեսակապի միջոցով մասնակցել է կառույցի մադրիդյան գագաթնաժողովին, կոչ արել Ուկրաինայի համար տեղ գտնել անվտանգության երաշխավորման ձևաչափերում։
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - ՆԱՏՕ-ի դռները բաց են, սակայն երբ մոտենում ես դրանց, միանգամից փակվում են: Արդյոք Ուկրաինան ներդրում չի՞ ունեցել Եվրոպայի և քաղաքակիրթ մարդկության պաշտպանության գործում, արդյոք մենք բավականաչափ չե՞նք վճարել։
ՇՈՏԼԱՆԴԻԱՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻՑ ԱՆԿԱԽԱՆԱԼՈՒ ՀԱՆՐԱՔՎԵ ԿԱՆՑԿԱՑՆԻ
Շոտլանդիան Մեծ Բրիտանիայից անկախանալու հանրաքվե կանցկացնի՝ հայտարարել է առաջին նախարար Նիկոլա Սթերջենը։ Նրա խոսքով՝ հանրաքվեն կարող է անցկացվել 2023 թվականի հոկտեմբերի 19-ին:
«Շոտլանդիայի անկախության ժամանակը եկել է»,- վստահություն է հայտնել Սթերջենը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա երկրորդ անգամ հանրաքվե անցկացնել, քանի որ շոտլանդացիները 2014 թ. արդեն հայտնել են իրենց կարծիքը՝ ընտրողների 55%-ը դեմ է արտահայտվել Բրիտանիայից անկախանալուն: