Արցախի ազգային անվտանգության ծառայությունը պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել: Չեզոքացվել է Արցախում ստեղծված գործակալական ցանց, որի կազմում ներգրավված են եղել պաշտպանության բանակի տարբեր ստորաբաժանումների ծառայողներ: Պարզվել է, որ ՊԲ զինծառայողները համացանցի միջոցով կապ են հաստատել հայ անձի տվյալներով գրանցված օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի հետ: Որոշ ժամանակ շփվելուց հետո նրա առաջադրանքով նրան են տրամադրել պետական գաղտնիք կազմող տեղեկություններ մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի, մարտական դիրքերում առկա զենքերի տեսակների և քանակի վերաբերյալ.
«2021 թվականի մայիս ամսին Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով իմ հետ կապ է հաստատել ազգությամբ հայ ներկայացած օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակից, ով ինձնից հետաքրքրվել է Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերից, Արցախի բնակչության քանակով և սոցիալական վիճակով իրականացվող զորահավաքներով ու պաշտպանության բանակի մարտունակության տարբեր ռազմահայրենասիրական կազմակերպություններով և սահմանագծում տիրող իրավիճակով, որոնց մասին ես ներկայացրել եմ տեղեկություններ»:
Փոխանցված տվյալների դիմաց զինծառայողը բանկային փոխանցման միջոցով ստացել է 200 դոլար, իսկ մյուսներն իրենց խոստացված գումարներն այդպես էլ չեն ստացել.
«2021 թվականի սկզբներին Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել եմ անհայտ աղջկա հետ, ով ներկայացել է որպես Վրաստանում բնակվող հայ: Մեր շփումը կրում էր սիրային բնույթ, որոշ ժամանակ հետո նա սկսել է հետաքրքրվել իմ զորամասի վերաբերյալ տեղեկություններով, մարտական դիրքերի տեղակայման վայրերով, պատերազմի հետևանքով կրած կորուստներով, Արցախում և Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակով, սոցիալական վիճակով, ՌԴ խաղաղապահ ուժերի վերաբերյալ տեղեկություններով»:
Հատուկ ծառայության աշխատակցի առաջարկով՝ զինծառայողը նկարահանել է ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետերը, մարտական դիրքի հերթափոխի ցուցակը, տրամադրել տեղեկություններ զորամասի հրամանատարի, որոշ մարտական դիրքերի անձնակազմի, սպառազինության տեսակների և քանակների վերաբերյալ: Արցախի ԱԱԾ-ի տեսադաշտում են հայտնվել նաև զինծառայողներ, որոնք համացանցի միջոցով կապ են հաստատել օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի հետ, որը, ներկայանալով որպես բարեգործական հիմնադրամի աշխատակից, առաջարկել է գումարի դիմաց տրամադրել տեղեկություններ իրենց զորամասերի վերաբերյալ.
«2022 թվականի մարտի վերջին «Օդնոկլասնիկ»-ով ինձ հետ կապ է հաստատել անծանոթ աղջիկ, ով ներկայացել է որպես հայ: Մեր շփումը կրում էր սիրային բնույթ, սակայն որոշակի ժամանակից հետո նա սկսել է հետաքրքրվել իմ ծառայության վայրով, զբաղեցրած պաշտոնով և ռազմական բնույթի տեղեկություններով: Ես նրան տրամադրել եմ ծառայության բերումով ինձ հայտնի դարձած տեղեկություններ, ուղարկել եմ մարտական դիրքի հենակետի լուսանկարները, մարտական դիրքում գտնվող անձնակազմի քանակի, ինչպես նաև իմ մարտական դիրքի տեղորոշման քարտեզը:
Ես նրան եմ տրամադրել իմ զենքի լուսանկարը, զինանոցի լուսանկարը, իմ մարտական դիրքի լուսանկարը: Նա ինձ գումարի դիմաց առաջարկել է նրան հանձնել մարտական դիրքի անձնակազմի գրաֆիկան: Արցախի ԱԱԾ-ի կողմից այդ ամեն ինչը կասեցվել է, և հասկացել եմ, որ կարող էի թշնամուն տալ պետական գաղտնիք»:
Պետական դավաճանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 3 զինծառայողի, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան