Գլխավոր դատախազի պաշտոնը, ընդհանրապես, իրավապահ համակարգում կարևորագույն, առանցքային նշանակություն ունի: Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ այս պաշտոնին է հավակնում կին թեկնածու: Դատախազության նոր կերպարը, դատախազությունը, որ նախևառաջ կոչված է ապահովելու իրավունքների վերականգնումը և պահանջելու արդար դատի իրականացում, կարող է մարմնավորել Աննա Վարդապետյանը. ասել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 29-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում:
Խորհրդարանը քննարկել է գլխավոր դատախազի ընտրության հարցը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը գլխավոր դատախազի պաշտոնում Ազգային ժողովին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Աննա Վարդապետյանի թեկնածությունը:
«Գլխավոր դատախազի պաշտոնում նոր մարտահրավերներ են ձեզ ուղեկցելու, բայց համոզված եմ, որ այդ մարտահրավերները դուք հաջողությամբ կհաղթահարեք»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը՝ համոզմունք հայտնելով, որ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ դատախազական մարմինները հնարավորություն կունենան ստեղծել առավել իրավական Հայաստան:
ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդանյանը ելույթում անդրադարձել է մինչդատական վարույթում առկա խնդիրներին: Մասնավորապես, խոսել է գործընթացների և ոչ թե արդյունքների վրա կենտրոնացված արդարադատության, դատարաններում ձգձգված գործերի քննության, ծանրացված վարույթների, ծանրաբեռնվածության մասին: Զեկուցողը մինչդատական վարույթում ձգձգումների լուծման տարբերակ է համարել արդյունավետ դատախազական հսկողության մեխանիզմի իրագործումը: Նա կարևորել է համագործակցված աշխատանքն ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս՝ ընդգծելով մասնագիտական քննարկումների անհրաժեշտությունը: Թեկնածուի դիտարկմամբ՝ պետք է բացառվի հովանավորչությունը: «Խոսել ժողովրդավարության մասին առանց օրենքի գերակայության, և խոսել օրենքի գերակայության մասին՝ ունենալով արտոնյալներ ու հովանավորչություն, ֆանտաստիկ դատողություններ են»,- ասել է Աննա Վարդապետյանը:
Թեկնածուն ներկայացրել է նաև հանցագործությունը կանխարգելող մեխանիզմները քրեական գործի հարուցման և քննության ֆորմալ մեխանիզմով փոխարինելու իր տեսլականը: Նրա դիտարկմամբ՝ քրեաիրավական իմաստով պատժի արդարացիությունն ունի երկու հստակ չափանիշ: «Պատիժը չպետք է լինի ուշացած, պատիժը պետք է լինի համաչափ: Եվ որպեսզի պատիժը չլինի ուշացած, քրեական արդարադատությունը պետք է լինի արդյունավետ, որպեսզի պատիժը լինի համաչափ, չպետք է լինի հովանավորչություն»,- ներկայացնելով իր բանաձևումն ամփոփել է Աննա Վարդապետյանը:
Դատախազի թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին: Դրանք վերաբերել են մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերին, ոլորտում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությանը, հափշտակություններից տուժողների իրավունքների պաշտպանությանը, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկման արդյունավետությանը, իրավական համակարգի կողմից լիարժեք արդարության ապահովմանը, որոշ գործերի քննության ժամկետի երկարաձգման պատճառներին, քննչական գործողությունների կատարման մեխանիզմների արդիականացմանը, դատախազության և օրենսդիր մարմնի միջև համագործակցությանը և այլն:
Աննա Վարդապետյանի խոսքով՝ դատախազություն-օրենսդիր մարմին կապը չպետք է սահմանափակվի միայն խորհրդարան հաշվետվությունների և տարեկան հաղորդումների ներկայացմամբ: Թեկնածուն կարևորել է հանձնաժողովների մակարդակով մասնագիտական աշխատանքային քննարկումները: