Մադրիդում մեկնարկել է ՆԱՏՕ-ի եռօրյա գագաթնաժողովը։ Օրակարգի առանցքային թեման ռազմավարական նոր հայեցակարգի հաստատումն է, որը կնախանշի Դաշինքի հեռանկարները մինչև 2030 թվականը։ Կառույցի անդամ երկրների ուշադրության կենտրոնում են նաև Ուկրաինայի շուրջ զարգացումները և ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցը, ինչի հետ կապված առարկություններ ուներ պաշտոնական Անկարան։ Սակայն նախօրեին սկանդինավյան երկու երկրների և Թուրքիայի ղեկավարների, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հանդիպման արդյունքում, կարծես, հաջողվել է առաջընթաց արձանագրել:
Կողմերը համատեղ հուշագիր են ստորագրել, որը վերաբերում է ՆԱՏՕ-ին Հելսինկիի և Ստոկհոլմի անդամակցությանը և այդ հարցում Թուրքիայի մտահոգությունները փարատելուն ուղղված քայլերին։
Մագդալենա Անդերսոն (Շվեդիայի վարչապետ) - Մենք համաձայնության ենք եկել, Թուրքիան այժմ համաձայն է, որ ՆԱՏՕ-ի անդամի կարգավիճակ ստանանք. ներկայացրել ենք ահաբեկչության դեմ պայքարում Ստոկհոլմի օրենսդրական նախաձեռնությունները, վերջին տարիներին դրանց խստացմանն ուղղված աշխատանքները:
Նա նշել է, որ հուշագրի շրջանակում Շվեդիան համաձայնել է հուլիսի 1-ից խստացնել ահաբեկչական հանցագործությունների մասին օրենքը, ինչպես նաև հետաքննել և խոչընդոտել Քրդստանի աշխատավորական կուսակցության գործունեությունը: Փաստաթղթում ընդգծվում է, որ հյուսիսային երկրները պարտավորվել են դիտարկել ենթադրյալ ահաբեկիչներին Թուրքիա արտահանձնելու Անկարայի խնդրագրերը:
Շվեդիան և Ֆինլանդիան նաև պարտավորվել են չեղարկել Թուրքիա ռազմական մատակարարումների էմբարգոն։
Սաուլի Նիինիստյո (Ֆինլանդիայի նախագահ) - Ուրախ եմ, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության այս փուլն ավարտվեց: Այժմ ակնկալում եմ արդյունավետ քննարկումներ դաշինքում մեր երկրի դերի վերաբերյալ։ Մենք լրջորեն ենք վերաբերվում Թուրքիայի մտահոգություններին և դատապարտում ենք ահաբեկչության բոլոր դրսևորումները։
Թուրքական կողմը նույնպես գոհ է Մադրիդում քառակողմ հանդիպման արդյունքներից։
Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմ - Թուրքիան ստացավ այն, ինչ ուզում էր: Հելսինկին և Ստոկհոլմը կգործակցեն Անկարայի հետ Քրդստանի աշխատավորական կուսակցության և նրա խմբավորումների դեմ պայքարում: Հակաահաբեկչական գործընթացներում հետախուզական տեղեկությունների փոխանակման նպատակով կստեղծվի գործակցության մեխանիզմ: Ֆինլանդիան և Շվեդիան իրենց հերթին կաջակցեն Թուրքիայի ներգրավմանը Եվրամիության անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության ընթացիկ և ապագա նախաձեռնություններին:
Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Ստոկհոլմը և Հելսինկին խոստացել են չաջակցել նաև Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարելու համար մեղադրվող Գյուլենի FETO կազմակերպությանը:
Իսպանիայի մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպումը արդյունավետ է որակել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ենս Ստոլտենբերգը, սակայն, հստակեցրել է՝ մադրիդյան գագաթնաժողովն ընդամենը հրավեր է՝ միանալու դաշինքին. Շվեդիան և Ֆինլանդիան դեռ որոշակի ճանապարհ ունեն անցնելու մինչև կառույցին անդամակցությունը։
Ենս Ստոլտենբերգ (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար) - Թուրքիան պատրաստ է աջակցել Ֆինլանդիային և Շվեդիային, նրանք էլ պատրաստ են աշխատել Անկարայի հետ։ Գագաթնաժողովից հետո նրանք կդառնան Դաշինք հրավիրված երկրներ, այնուհետև կառույցի անդամներում կմեկնարկի վավերացման գործընթացը։
Ստոլտենբերգը մանրամասնել է, որ վավերացումից հետո համապատասխան փաստաթղթերը կտրամադրվեն ԱՄՆ-ին, այդպիսով՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու գործընթացը կավարտվի։
Գագաթնաժողովին մասնակցելու համար Իսպանիա է ժամանել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը. նա ողջունել է հուշագրի ստորագրումը և հույս է հայտնել, որ կհանդիպի Ռեջեփ Էրդողանի հետ՝ քննարկելու ՆԱՏՕ-ի անվտանգության և երկկողմ գործակցության մի շարք հարցեր։
Գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով ոգևորվածությունը չեն կիսում Շվեդիայում։ Svenska freds հակառազմական կազմակերպությունը համոզված է՝ համաձայնելով Անկարայի պահանջներին՝ Ստոկհոլմը թույլ է տալիս Թուրքիային, որը չի հարգում մարդու իրավունքները, վերահսկել Շվեդիայի արտաքին քաղաքականությունը։
Նշվում է նաև, որ Թուրքիա ռազմական արտադրանքի մատակարարման էմբարգոյի վերացման արդյունքում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունից տառապող երկրները ստիպված են լինելու վճարել Շվեդիայի փոխզիջման գինը։