ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ԵՎ ՇՎԵԴԻԱՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ի անդամ երկրները Ֆինլանդիային և Շվեդիային պաշտոնապես հրավիրել են դաշինք, ասված է Մադրիդում կառույցի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում։
ՆԱՏՕ-ի ղեկավարները նաև հավանություն են տվել դաշինքի ռազմավարական նոր հայեցակարգին, այն կգործի մինչև 2030 թվականը. փաստաթղթում Ռուսաստանը ներկայացված է որպես դաշինքի անվտանգության հիմնական և ուղղակի սպառնալիք։ Այնուհանդերձ, նշվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ցանկանում է պահպանել Ռուսաստանի հետ կապը։
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ առճակատում չի ցանկանում, նաև վտանգ չի ներկայացնում այդ երկրի համար, կառույցը պարզապես ուժեղացնում է Ռուսաստանին զսպելու իր կարողությունները»,- ընդգծվում է հռչակագրում:
Միաժամանակ նշվում է, որ Չինաստանի և Ռուսաստանի մերձեցումը հակասում է ՆԱՏՕ-ի շահերին:
Կողմերը պայմանավորվել են դաշինքի արևելյան թևում ավելացնել բարձր պատրաստվածության ուժերի ներկայությունը, ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի թիվը 40.000-ից հասցնել 300.000-ի, Ռուսաստանի հետ սահմանին տեղակայել ծանր տեխնիկա: Կառույցը նաև վերահաստատել է միջուկային զենքի տարածումը թույլ չտալու հանձնառությունը:
Դաշինքի առաջնորդները հատուկ ուշադրություն են դարձրել Ուկրաինայի շուրջ զարգացումներին:
«ՆԱՏՕ-ն հավանություն է տվել Ուկրաինային աջակցության փաթեթին, որի շրջանակում կառույցը կարագացնի Կիևին ոչ մահաբեր սպառազինության մատակարարումը, երկարաժամկետ հեռանկարում կապահովի Ուկրաինայի վերազինումը և խորհրդային զենքից անցումը ՆԱՏՕ-ի արդիականացված սպառազինությանը»,- նշված է փաստաթղթում:
Հյուսիսատլանտյան դաշինքը նաև արձանագրել է, որ կշարունակի երկխոսությունը ՆԱՏՕ-ին միանալ ցանկացող երկրների հետ, կզարգացնի գործընկերությունը Ուկրաինայի հետ, այդ թվում՝ ուժեղացնելով քաղաքական և գործնական աջակցությունը Վրաստանին և Մոլդովային:
ԿԱՅԱՑԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻ ԵՎ ՄԱԿՐՈՆԻ ՓԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Մադրիդում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, տեղի է ունեցել Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Այն տևել է մոտ մեկ ժամ՝ փակ ձևաչափով։ Կողմերը քննարկել են Օդեսայի նավահանգստի անվտանգության ապահովման հարցը։ Ելիսեյան պալատից հայտնում են, որ նախագահներն ընդգծել են Ուկրաինայից հացահատիկի արտահանման կարևորությունը։
Մակրոնը նաև ողջունել է Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում Անկարայի դրական դիրքորոշումը:
ՌԴ-ՈՒՄ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿԱՆՉՎԵԼ Է ԱԳՆ
Ռուսաստանում Նորվեգիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Սոլվեյգ Ռոսսեբեն կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, քանի որ Օսլոն արգելել է ռուսական բեռների տարանցումը Շպիցբերգեն։
«Պահանջել ենք նորվեգական կողմից հնարավորինս արագ լուծել խնդիրը։ Զգուշացրել ենք, որ Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական գործողություններն անխուսափելիորեն կհանգեցնեն պատասխան քայլերի»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Ստորսկոգի անցակետում արգելափակվել է մոտ 20 տոննա ապրանք, այդ թվում՝ 7 տոննա սննդամթերք, որը նախատեսված է ռուսական բնակավայրերի համար:
ՍԻՐԻԱՆ ՃԱՆԱՉԵԼ Է ԴՈՆԵՑԿԻ ԵՎ ԼՈՒԳԱՆՍԿԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
Սիրիան ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը, հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
«Հաշվի առնելով համընդհանուր կամքը և բոլոր ոլորտներում հարաբերությունները բարելավելու ցանկությունը՝ Սիրիան որոշել է ճանաչել հանրապետությունների ինքնիշխանությունը»,- ասված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ Լուգանսկի և Դոնեցկի հետ կքննարկվի դիվանագիտական հարաբերությունների հաստատման հնարավորությունը։