ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Պոլյանսկին քննադատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու տեսակապով ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Նա նշել է, որ այդ ելույթը համաձայնեցված չի եղել Խորհրդի բոլոր անդամների հետ։ «Սա խախտում է Անվտանգության խորհրդի աշխատանքի ընդունված պրակտիկան և ավանդույթները»,- ընդգծել է դիվանագետը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՄԱԿ-ին կոչ է արել ճանաչել Ռուսաստանը որպես «ահաբեկչական պետություն» և զրկել լիազորություններից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, գրում է ՏԱՍՍ-ը:
Զելենսկու խոսքով՝ Մոսկվան իրավունք չունի մասնակցել Ուկրաինայում հատուկ գործողության հարցերի քննարկմանը և քվեարկությանը։ Նա նշել է, որ հատուկ գործողությունը «հրահրված չէ և կրում է գաղութատիրական բնույթ»։
Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալի խոսքով՝ Կիևը նախաձեռնել է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը և դրանում Զելենսկու ելույթը, որպեսզի «բարենպաստ ֆոն» ստեղծի «ավելի շատ զենք մուրալու» համար։