Կանաչ տակառը թարմ հնձած-կտրտած առվույտից խտացրած անասնակեր է։ Հատուկ տեխնիկան այն գլանաձև հակերի է վերածում ու հերմետիկ փաթեթավորում Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում։
Արտասահմանում վաղուց օգտագործվող տեխնոլոգիան դեռ նոր է մեր երկրում կիրառվում։ Մինչև այստեղ աշխատանքի անցնելը Սերգեյն էլ գիտեր՝ հակը միայն չորացած խոտից քառակուսի է լինում, հիմա զարմացնում է կովերին կլոր տարին կանաչ կերով ապահովելու խելացի հոսքագծով։
Պատրաստի այս հակերը շուտով ուտելու են Երեմյանների Ջերմուկի ֆերմայի կովերը։ Անասնակերի արտադրություն հիմնելու հարցում բիզնեսին անցած տարի աջակցեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը։ Այժմ էլ տեղում հետևում են՝ գործն ինչպե՞ս է առաջ գնում, արտն ի՞նչ տեմպով է հնձվում։
Սա առվույտի արդեն երկրորդ քաղն է․ եթե եղանակը չխանգարի, ինչպես գյուղացիներն են ասում՝ 5 բերան բերք կունենան։ Հարևանությամբ ընկերությունը նաև ցորենի արտ ունի, կհնձեն, տեղում եգիպտացորեն կցանեն, որը նույնպես կանաչ սիլոս են անելու։
«Սերմից՝ ֆերմա» կարգախոսով իրականացվող անասնակերի արտադրության այս ծրագիրը արտերով, տրակտոր-կոմբայնով, գլանող-փաթեթավորող ժամանակակից տեխնիկայով հանդերձ՝ մոտ 2 մլն դոլարի ներդրում է։ Հաշվի առնելով, որ նախագիծն ագրարային ոլորտի նորարարություն է, 30 աշխատատեղ է ստեղծում և, ամենակարևորը՝ երկրում կաթնամթերքի և մսամթերքի պարենային անվտանգության հարց լուծում, ԱՆԻՖ-ը 500 հազար դոլարի մասնակցություն է ունեցել բիզնեսում՝ ասում է կազմակերպության հակաճգնաժամային փաթեթների կառավարիչ տնօրենը։
Արտից՝ անասնակերի արտադրամաս․ բեռնատարներն այս օրերին իրար հետևից բարձվում-դատարկվում են։ Հակը փաթաթելուց հետո տեխնիկան տեղում կշռում է թարմ առվույտի կույտը, կտոր տալիս, նվազագույն քաշը 800 կգ է։
Կերը կովերին Ջերմուկ կհասնի կանաչ, թարմ, հյութեղ վիճակում՝ խոստանում են Զարթոնքում, անկախ հանգամանքից, թե ամռան արևի տակ Արարատյան դաշտում այն ինչքան կմնա։ Ի դեպ՝ տեխնիկան տոննանոց մեկ հակը ժապավենի վրա պտտելով խտացնում, փաթաթում, մեքենայից դուրս է շպրտում ընդամենը 2 րոպեում։