ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանում Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Յոել Լիոնին:
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով բեղուն գործունեություն:
«Դեսպանությունները հիմնաքար են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Լիահույս եմ, որ Ձեր գործունեությունը հայ-իսրայելական հարաբերությունների համար գործուն նշանակություն կունենա և կնպաստի միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանը»,- նշել է ԱԺ նախագահը:
Հանդիպմանը միջխորհրդարանական կապերի համատեքստում մեծապես կարևորվել է պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:
Երկուստեք արձանագրվել է, որ մեր ժողովուրդների միջև պատմամշակութային կապերի առկայությունն ու ճակատագրերի նմանությունը կարևոր նախադրյալներ են համագործակցության բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տևական կայունություն հաստատելու շուրջ: