ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական աշխատանքային այցն են կատարել՝ այս անգամ Կոտայքի մարզի մի շարք հուշարձանների տեղազննման, ընթացիկ աշխատանքների, առկա խնդիրների ուսումնասիրման և դրանք արձանագրելու նպատակով։
շխատանքային խումբը մասնավորապես այցելել է Պտղնու տաճար, Կարենիսի, Նեղուցի վանքեր, Թեժառույք վանական համալիր:
Մշտադիտարկման արդյունքում մասնագետներն արձանագրել են, որ նշյալ հուշարձանները, թեև նախկին տարիներին մասնակի ուսումնասիրվել, ամրակայվել և վերականգնվել են, սակայն այսօր կրկին ունեն ուսումնասիրելու, եղած նախագծանախահաշվային փաստաթղթերը լրամշակելու կարիք՝ դրանք ամրակայելու, մասնակի կամ ամբողջական վերականգնելու նպատակով։
Տեղում մշտադիտարկվել է Կարենիս գյուղի Մատթեոս և Անդրեաս առաքյալների վանքի վերականգնման ընթացքը, որն իրականացվում է բարերարի միջոցներով՝ լիազոր մարմնի կողմից համաձայնեցված գիտանախագծային փաստաթղթերի հիման վրա։
Տեղում քննարկվել են Նեղուցի և Թեժառույք վանական համալիրների մոտեցման ճանապարհների խնդիրները։ Մասնավորապես Թեժառույք վանական համալիրի մոտեցման ճանապարհը, որը խոչընդոտ է այցելուների և հատկապես անանցանելի է վերականգնողական աշխատանքներ սկսելու համար։