Ծնունդ, որ ապրելու ուժ է տալիս: Այս պատմությունը 44-օրյա պատերազմում երկու որդուն՝ Կարեն և Գևորգ Գևորգյաններին կորցրած տիկին Արևի և նրա նորածին որդու մասին է, որի ծննդյանը սպասել են: Մայրն ասում է, որ երեխայի լացն ու ծիծաղը իր ամբողջ օրվա լացը կվերջացնի:
44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Կարեն և Գևորգ Գևորգյանների եղբայրն է՝ Արենը, 3 կգ 20 գրամ քաշով, 50 սմ հասակով:
Անդրանիկ Պողոսյան («Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան տնօրեն) - Երբ որ երեխան դուրս եկավ երեկ, ես ասացի, որ էս երեխան մինչև խոր ծերություն խաղաղության մեջ ապրի ու պատերազմ չտեսնի: Որևէ բանի կարիք չունի, բացի մայրական կաթից, տիկին Արևիկը կերակրում է, և սիրուց, չգիտեմ, ամբողջ ընտանիքն էր սպասում, ցեղն էր սպասում, զորամասն էր սպասում, մենք էինք սպասում... առողջ լինի:
803 սենյակում այսպես հուզված են բոլորը՝ բժշկական անձնակազմ, այցելուներ, 25 տարի անց նորից մայրացած 48 տարեկան Արև Միքայելյանը:
Արև Միքայելյան - Էն, որ ամբողջ օրը լացում էինք, էս երեխի լացն ու ծիծաղը էդ լացը կվերջացնի: Արենը հույս ու լույս է մեր ապրելու, որ ինչ-որ տեղ էդ ցավը կմեղմացնի:
Ցավի մասին առանց լացելու չի կարող խոսել: 22 տարեկան Կարենն էր՝ ուսանող, 26 տարեկան Գևորգը՝ մեքենաներ էր վերանորոգում, կազմել էր ընտանիք, երջանկացել դստեր ծննդով: Հոր առողջական վիճակը պատճառ դարձավ, որ եղբայրները նաև ծառայության անցնեն Ոստիկանության զորքերում: Սիրում էին աշխատանքը, միշտ միասին էին գնում ու գալիս, միասին էլ գնացին պատերազմ:
Սեպտեմբերի 28-ին գնացին Քելբաջար` մինչև հոկտեմբերի 29-ը, հետո հետ եկան, բայց նորից գնացին: Զորամասը մեկին էր տանելու, կռվել էին, Կարենը չէր թողել գնա, նույնը և Գևորգը, բայց երկու եղբայր գնացին: Վերջին զանգը նոյեմբերի 8-ին է եղել. գտել էին Քարինտակի մատույցներում:
Արևը դժվար է համաձայնել նորից մայրանալու մտքի հետ, ցանկությունը ավելի շատ հայրիկինն է եղել: Հետո անընդհատ երազներ է տեսել:
Երազն է պատմում. «Երեխա բերեց, ասաց` մեր տեղը նենց ա, հետ չենք գա, կպահես, ու երեխան լացում էր ուժեղ»:
Հղիության ընթացքում և հիմա էլ՝ ասում է, իրեն ավելի շատ որպես տատիկ, քան մայրիկ է պատկերացնում: Հետո ժպտում է՝ ժամանակի հետ կսովորի: Հայրը դեմ է եղել որդիների անունը փոխանցել նորածնին՝ իրենք 3 որդի ունեն, ամեն մեկն իր անունը պետք է ունենա:
Բարի լուրից Արմավիրի մարզի Խանջյան գյուղում, որդիների զորամասում, իրենց ընտանիքում բոլորը ուրախացել են, ամենաշատը Գևորգի արդեն 3 տարեկան աղջնակը՝ Արևիկը, անհամբեր է` երբ է տուն գնալու:
Գևորգի ու Կարենի հետ կապված երազանքները շատ ու մեծ են եղել, Արենի դեպքում երազանքներ չի պահում.
«Չեմ ուզում ոչ մեկին նման լինի, Գևորգին առանձին եմ սիրում, Կարենին` առանձին, Արենին` առանձին...»:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան