Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուժեղացնում է եկամուտների հայտարարագրման էլեկտրոնային համակարգը: Կառույցը մեկտեղել է տարբեր գերատեսչությունների՝ քննարկելու ծրագիրը: Մասնագետների համոզմամբ՝ նոր գործիքների ավելացմամբ հնարավոր կլինի ժամանակին հայտնաբերել ու կանխարգելել կոռուպցիոն ռիսկերը:
Հայկուհի Հարությունյան (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ) - Այն համակարգը, ինչը շահագործվում է առայժմ հանձնաժողովի կողմից, ավելի քիչ տեխնիկական հնարավորություններով ներառում է պետական պաշտոն զբաղեցնող առնվազն 9000 անձի վերաբերյալ տեղեկություններ, և ընտանեկան անդամների մասնակցությամբ դա կազմում է մոտ 35000 անձի վերաբերյալ տվյալ:
Խոսքը, մասնավորապես, շարժական, անշարժ և փաստացի տիրապետվող գույքի, պաշտոնատար անձանց կողմից կատարվող ծախսերի մասին է: Հանձնաժողովի նախագահն ասում է՝ թեև այս տվյալներն արդեն հրապարակային հասանելի են, բայց դրանք չունեն ներկայացվածություն, ձևաչափն ու կիրառելիություն էլ չափազանց ցածր են, լուծման տեսանկյունից՝ բավականին հին:
Հայկուհի Հարությունյան - Պատկերացրեք՝ եթե սա ներդրվում է պետական կառավարման համակարգում, պաշտոնատար անձի վարքագիծը նույն սկզբունքով, առանց անձի պետական պաշտոն զբաղեցնող մարդու մասնակցությամբ, դառնում է վերահսկելի այն սկզբունքի ներքո, որ այդ վարքագծի խափանումը եթե իր մեջ պարունակելու է կոռուպցիոն ռիսկ, դառնում է այն ազդակը, որ մենք այս ոլորտում, այս անձի հետ կապված հնարավոր ռիսկ ունենք:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալն իր օրինակը ներկայացրեց, նշեց՝ իր գույքը համակարգում հայտարարագրելիս բազմաթիվ խնդիրներ է ունեցել: Դավիթ Սահակյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում կունենանք միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություն:
Դավիթ Սահակյան (ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ) - Համագործակցելով հանձնաժողովի հետ՝ մենք ստեղծենք այնպիսի համակարգ, որը էապես կհեշտացնի հայտարարագրերի լրացման գործընթացը և հայտարարագրերի վերլուծության գործընթացը, որովհետև սա ոչ պակաս կարևոր է, քան լրացման գործընթացը՝ տվյալների ստուգման, համաչափության, հարթեցման, վերլուծության:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը այս ընթացքում ավելի քան 20 վարույթ է հարուցել: Դրանք հիմնականում քրեական հանցակազմ չունեն, մանր խախտումներ են: Հայկուհի Հարությունյանն ասում է՝ իրենց վերլուծությունները ցույց են տալիս, որ տվյալների անճշտություններ կան, և հաջորդ անգամ խախտում արձանագրելիս վարչական վարույթով չեն սահմանափակվի:
Հայկուհի Հարությունյան - Ունենք գործադիր մարմնի ներկայացուցիչներ, ունենք ԱԺ ներկայացուցիչներ և դատական իշխանության, որևէ տարբերակում հատուկ մտադրանքով հանձնաժողովը չի իրականացրել, և մամուլի հաղորդումների, շահագրգիռ կազմակերպությունների և մեր նախաձեռնությամբ արդեն, կարծում եմ՝ այդ թիվը կհասնի 35 և ավելի:
Հանձնաժողովը հույս ունի, որ առնվազն մինչև տարեվերջ տվյալների հավաքագրման հատվածը պատրաստ կլինի, իսկ 2023 թվականին 2022-ի համար ներկայացվող տարեկան հայտարարագրերը կլինեն նոր ձևաչափով: