Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խումբը կարողացել է մոտեցնել Երևանի ու Բաքվի մոտեցումները շատ հարցերում: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը համարում եմ կառուցողական: Դա, անշուշտ, բարդ աշխատանք է, բայց պետք է նշեմ, որ կողմերին հաջողվում է մոտեցնել դիրքորոշումները սահմանային ու մաքսային վերահսկողության, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղաշարժի բազմաթիվ հարցերում»,- նշել է նա։
ՀՀ փոխվարչապետի խոսքով` այս պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են աշխատել տարբեր հարցերի վրա` կապված ավտոմոբիլային ու երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման ու հետագա օգտագործման հետ: