Արցախի ԱԱԾ կողմից ծավալված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և չեզոքացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Արցախի Հանրապետությունում ստեղծված գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել ՊԲ տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև ժամանակին կանխվել է ծուղակում հայտնված Արցախի մի քանի քաղաքացիների հետագա հավաքագրումը:
Դեպքի առթիվ Արցախի ԱԱԾ-ում նախապատրաստվող նյութերի և հարուցված քրեական գործերով վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արցախի քաղաքացիներ, հանդիսանալով N զորամասի զինծառայողներ, սոցիալական ցանցերի միջոցով կապ են հաստատել հայ անձի տվյալներով գրանցված օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի կողմից օգտագործվող հաշվի հետ, ինչից հետո որոշակի ժամանակահատված նրա հետ շփվելուց հետո վերջինիս առաջադրանքով նրան են տրամադրել պետական և ծառայողական գաղտնիք կազմող՝ իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի տեղակայման վայրերի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի, մարտունակության, մարտական դիրքերում առկա զենքերի տեսակների և քանակի, զորամասի հրամանատարական կազմի վերաբերյալ տվյալներ, որի դիմաց նրանցից մեկը բանկային փոխանցման միջոցով ստացել է 200 ԱՄՆ դոլար գումար, իսկ մնացածը իրենց խոստացված գումարներն այդպես էլ չեն ստացել:
Ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում պետական դավաճանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Արցախի քաղաքացիներ Ա. Ա.-ին, Մ. Հ.-ին և Ա. Բ -ին:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Արցախի դեմ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից իրականացվող հետախուզական քայքայիչ գործունեության ի հայտ բերման, կանխման և խափանման ուղղությամբ հակահետախուզական աշխատանքների կազմակերպման արդյունքում ԱԱԾ-ի տեսադաշտում են հայտնվել Արցախի քաղաքացիներ, որոնք, հանդիսանալով զինծառայողներ, տարբեր սոցիալական ցանցերի միջոցով՝ չգիտակցելով, կապ են հաստատել օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի հետ, որը, ներկայանալով որպես բարեգործական հիմնադրամի աշխատակից, առաջարկել է գումարի դիմաց տրամադրել տեղեկություններ իրենց զորամասերի վերաբերյալ:
Անհապաղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված անձանց հնարավոր հետագա հանցավոր համագործակցությունը ժամանակին կանխվել է:
Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն շարունակում է ակտիվ և հետևողական գործունեությունը՝ հավաստիացնելով, որ նմանատիպ դեպքերի բացահայտումը և խափանումը ծառայության առաջնահերթությունն ու հիմնական ուղղությունն են՝ միաժամանակ զգուշացնելով, որ համապատասխան միջոցներ են ձեռնարկվելու մեղավոր անձանց օրենքի ամբողջ խստությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Հորդորում ենք բնակչությանը, հատկապես զինծառայողներին, զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններ հաստատելուց, առավել ևս նրանց հետ Արցախի և Հայաստանի անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր քննարկելուց և տեղեկություններ փոխանցելուց:
ԱԱԾ-ն կրկին հիշեցնում է, որ Արցախի քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված է նաև խրախուսական նորմ, որի համաձայն՝ պետական դավաճանություն կամ լրտեսություն կատարելու համար նախատեսված հանցանքներ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա իշխանության մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով օժանդակել է հետագա վնասը կանխելուն, ուստի ԱԱԾ-ն կոչ է անում հակաօրինական արարքի կատարմանը ներգրավված անձանց կամովին և ժամանակին համագործակցել ծառայության հետ և օժանդակել հետագա վնասը կանխելուն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Արցախի քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կագով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: