Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Լիլիթ Գրիգորյանի, Արտակ Կրկյաշարյանի և Մուշեղ Հարությունյանի թեկնածությունները:
Հարցը ԱԺ հունիսի 29-ի արտահերթ նստաշրջանում քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի սահմանած կարգով: Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը մանրամասնել է Լիլիթ Գրիգորյանի, Արտակ Կրկյաշարյանի և Մուշեղ Հարությունյանի կենսագրական տվյալներն ու գործունեությունը: Թեկնածու Արտակ Կրկյաշարյանը կարծիք է հայտնել, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ ու անզիջում պայքարը ժողովրդավարական և իրավական պետությունների առաջնային խնդիրներից մեկն է:
Այս առումով նա հատկանշական է համարել այն հանգամանքը, որ ՀՀ Կառավարությունը «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ առանձնահատուկ կարևորել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի էական փոփոխությունը: Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի կայացման և շարունակական զարգացման տեսանկյունից կարևորվել է հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծումը:
Թեկնածուի կարծիքով՝ կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը նոր մակարդակի կհասցնի ոլորտում պայքարի արդյունավետությունը: Այս համատեքստում Արտակ Կրկյաշարյանը կարևորել է հակակոռուպցիոն պալատի և նրա դատավորների դերը: Թեկնածուի համոզմամբ՝ ընտրվելու դեպքում իր փորձն ու մասնագիտական գիտելիքները թույլ կտան պատշաճ իրականացնելու Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի պարտականությունները: Հաջորդ թեկնածու Մուշեղ Հարությունյանը, անդրադառնալով արդարադատական համակարգի առանձնահատկություններին, դրանցից նշել է, մասնավորապես, որոշ գործերի ձգձգումները:
Դա, ըստ նրա, կարող է հանգեցնել դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության նվազմանը, կասկածի տակ դնել կոռուպցիոն գործերի քննության ոլորտում պետության կարողություններն ու հանձնառությունները: Ուշացած արդարադատության առումով Մուշեղ Հարությունյանն առանձնակի ընդգծել է հակակոռուպցիոն պալատի գործունեությունն ու դերը: Նա նաև ներկայացրել է այն շարժառիթները, որոնք իր թեկնածությունն առաջադրելու հիմք են տվել և խոսել մասնագիտական գործունեությունից:
ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն իր ելույթում անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարում Կառավարության ձեռնարկած քայլերին: Նշվել է, որ 2018 թ. հետո արձանագրվել է կոռուպցիայի ընկալման համաթվի կտրուկ աճ: Դա նշանակում է, որ իշխանությունը կարողացել է հակակոռուպցիոն ռազմավարությունները մշակել այնպես, որ ոչ միայն ստեղծվել է հակակոռուպցիոն մարմինների շղթա, այլ նաև ձևավորվել է կոռուպցիայի նկատմամբ հանրային ընկալում:
Ըստ Հերիքնազ Տիգրանյանի՝ քաղաքական իշխանությունը ցույց է տվել, որ ունի կոռուպցիայի դեմ պայքարելու իրական կամք: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
Նշենք, որ թեկնածու Լիլիթ Գրիգորյանը նիստին ներկա չի եղել: